Շիրակի մարզի Հոռոմ գյուղում բնակվող Նալբանդյանների ընտանիքին անդրադարձել էինք ավելի վաղ, հայտնելով, որ ընտանիքի որդին՝ Արթուրը, երիկամի փոխպատվաստման կարիք ունի: Արթուրի մայրը հինգ տարի առաջ իր մի երիկամը տվել է աղջկան, ով նույն խնդիրն է ունեցել, ինչ եղբայրը: Այսօր Արթուրի հայրն է պատրաստ որդուն տալ իր երիկամը, սակայն ընտանիքը չունի վիրահատության հնարավորություն:
Yerevannews-ը կրկին կապ հաստատեց ընտանիքի հետ և մեզ հետ զրույցում Արթուրի մայրը՝ տիկին Արաքսին նշեց, որ դեռևս բավարար գումար չի հավաքվել վիրահատությունը սկսելու համար: Արթուրի մայրը չորս օր առաջ է այցելել բանկ, հաշվին եղել է ընդամենը 25 հազար դրամ:
Արթուրի հայրը, չնայած որ առողջական խնդիրներ ունի, այդուամենայնիվ մեկնել է արտագնա աշխատանքի, հոգալու գոնե հիվանդանոցային ծախսերը, քանի որ Արթուրը երկու օրը մեկ «Արաբկիր» բժշկական կենտրոնում հեմոդիալեզ է անցնում:
Տիկին Արաքսին նշեց, որ այս ընթացքում դիմել են բազմաթիվ կազմակերպությունների, սակայն ապարդյուն: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունում պատասխանել են, որ իրենք հիվանդներին չեն օգնում: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից նույնպես դեռ ոչ մի պատասխան չկա: Մի շարք այլ կազմակերպություններ նշել են, որ իրենք միայն անչափահաս երեխաներին են օգնում:
Նշենք, որ մայրը որդու հետ այսօր Երևանում տուն է վարձակալել, վիրահատությունը սկսելու համար 3 մլն դրամ է անհրաժեշտ: Փաստը, սակայն, շարունակում է արժանանալ համապատասխան պետական մարմինների ու բարեգործական ընկերությունների անտարբերությանը:
Ընտանիքը շարունակում է որպես վերջին միջոց դիմել բարեգութ մարդկանց օգնությանը: Արաքսի Նալբանդյանի անունով Ինեկոբանկում բացված հաշվեհամարներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:


