Հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել 2-րդ բանակային զորամիավորման մի շարք զորամասեր, հայտնում է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը, բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և այլք:
Աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարարը հանդիպել է զորամասերի անձնակազմերի հետ, հետաքրքրվել զինծառայողների առօրյայով, սոցիալ-կենցաղային պայմաններով:
Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է զորամասերի բարեկարգմանն ուղղված լայնածավալ կապիտալ շինարարական աշխատանքներին, մասնակցել է զորամասերից մեկի նոր բուժկետի բացման արարողությանը: Առանձնակի ուշադրության են արժանացել զինվորական ստորաբաժանումներում օժանդակ կառույցների` ճաշարանների, բուժկետների, պահակատների և նմանաբնույթ նոր շինությունների կառուցման ու նորոգման աշխատանքները:
Ընդհանուր առմամբ այցի նպատակը զինծառայողների մարտական պատրաստականության աստիճանի բարձրացմանը միտված համալիր միջոցառումների շրջանակում զինծառայողների ծառայողական պարտականությունների կատարմանը, զորամասերում իրակացված շինարարական աշխատանքներին անմիջականանորեն ծանոթանալը, ինչպես նաև ներկա մարտահրավերների պայմաններում սպաներին և զինվորներին ևս մեկ անգամ զինված ուժերում ընթացող բարեփոխումները, վերջին ժամանակահատվածում հայկական զինուժի կողմից հակառակորդին տրված արժանի հակահարվածներն ու հայոց բանակի առջև ծառացած խնդիրները ներկայացնելն էր:
Աշխատանքային այցի շրջանակում որպես զինվորական պատվի, փառքի և արիության խորհրդանիշ` բանակային զորամիավորման զրահատանկային զորամասերից մեկին հանդիսավոր կերպով հանձնվել է մարտական դրոշ: