Հոկտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է 2-րդ բանակային զորամիավորման կողմից իրականացված աշխատանքների կատարողականին նվիրված խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում անցկացված միջոցառումներն ու շտկման կարիք ունեցող բացթողումները: Նիստը ղեկավարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Բանակային զորամիավորման հրամանատարի հաշվետվության լսումներին ներկա ին նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի տեղակալներ, վարչությունների և առանձին բաժինների պետեր, զորամասերի հրամանատարներ և այլք։

Ողջունելով ներկաներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է նմանաբնույթ հաշվետվությունները, քանի որ միայն անցած ուղու վերանայման և համակողմանի վերլուծության դեպքում կարելի է բացառել նախկինում թույլ տրված բացթողումները, ճշգրտել հետագա անելիքները, ուրվագծել առաջիկա աշխատանքային ուղղությունները:

Ներկայացնելով զորամիավորման գործունեության արդյունքները` բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են զորամիավորմանը ենթակա զորամասերի մարտական պատրաստականության բարձրացմանը միտված մի շարք պլանային և արտապլանային միջոցառումներ, ԶՈՒ պատրաստության պլանի համաձայն իրականացվել են նախատեսված բոլոր միջոցառումները, ճամբարային հավաքներն ու դաշտային ելքերը: Այդ ամենից զատ` հանկարծակի ստուգումների միջոցով պարբերաբար ստուգվել է զորամասերի և ենթակա զինանձնակազմի պատրաստականությունը: Ամփոփելով զեկույցը՝ Պողոս Պողոսյանն անդրադարձել է նաև պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի հանձնարարականների ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

Խորհրդակցության ավարտին Սեյրան Օհանյանը մատնանշել է շտկման կարիք ունեցող խնդիրներն ու աշխատանքային հիմնական ուղղությունները: