«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից կարելի է սպասել տեսանելի արդյունքներ»,- հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Ի տարբերություն նախկին 2 հանդիպումներից այս հանդիպման ժամանակ խոսվել է այս պահին ամենակարևորի՝ փոխվստահության շուրջ: Հանդիպումներն, ըստ էության, 2 կարևոր պատճառներով են այսպիսի հաճախականությամբ կազմակերպվում, հայտնեց քաղաքագետը. «Կա երկու կարևոր պատճառ հանդիպումներն այսքան շուտ կազմակերպելու համար: Առաջինը, որ երեք հանդիպումներն էլ տեղի են ունեցել հայտնի օգոստոսյան ընդհարումից հետո, և երկրորդը՝ Ուկրաինայի ճգնաժամի փաստն է: Ամբողջ աշխարհը ներկա պահին կենտրոնացված է Ուկրաինայում տեղի ունեցող ճգնաժամի և Ռուսաստանի սանկցիաների վրա, և այս տարածաշրջանում տեղի ունեցող հրադադարի խախտմանը շուտափույթ լուծում է պահանջում»:
Մինսկի համանախագահները երեկվա հանդիպումից հետո որևէ հայտարարություն չեն արել: Այս կապակցությամբ Սերգեյ Մինասյանը մեկնաբանեց. «Ես չեմ բացառում որ այսօր իրենց մեկնաբանությունները անեն Մինսկի համանախագահները: Մյուս կողմից էլ կարելի է համարել, որ ադրբեջանական կողմի համար շատ դժվարին ու վատ կացության մեջ է: Ես այնքան էլ օպտիմիստ չեմ,և այն հայտարարությունները, որոնք հնչել են այդ թվում նաև հայկական կողմից արտգործնախարար Նալբանդյանիև նախագահի մամլո խոսնակի ծառայության կողմից, միանշանակ ընդունելի են, մանավանդ, երբ ադրբեջանական կողմի լռությունից ելնելով»: