Անդրադառնալով երեկ մամուլում հրապարակված այն տեղեկատվությանը, թե Երևանյան դպրոցներում ու մանկապարտեզներում ուսուցիչներին շարունակում են ստիպել իրացնել «Արցախ լոտո» վիճակախաղը,  ինֆորմացիայի հավաստիության ու ահազանգերի մասին փորձեցինք ճշտել համապատասխան մարմիններից:

ՀՀ ԿԳ Նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը YerevanNews.am-ի հետ զրույցում նշեց, որ հրապարակման վերաբերյալ երեկ տեղի ունեցած միջոցառման ժամանակ ԿԳ  Նախարար Արմեն Աշոտյանին հարց է ուղղվել, որին ի պատասխան նախարարը պատասխանել է, որ անընդունելի է որևիցե բան դպրոցներում պարտադիր կերպով ստիպել իրացնել:

«Այս պահին մեր ենթակայության տակ գտնվող դպրոցներից որևէ ահազանգ չի եղել, որ նախարարությունը  գոնե կարողանա ուսումնասիրություններ սկսել»,- ասաց Ա. Բաղդասարյանը, անդրադառնալով մեր այն հարցին, թե արդյո՞ք ուսուցիչների կողմից մինչ այժմ ահազանգեր եղել են, թե՝ ոչ:

Այս հարցի վերաբերյալ կապ հաստատեցինք նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչություն, ուր աշխատակիցը մեզ հայտնեց, որ նման դեպք եղել է անցած ուսումնական տարվա մայիս ամսին, բայց ոչ այդ համատեքստում: «Այդ ժամանակ տոմսերը միմիայն տնօրեններին ու տարբեր կառույցների աշխատակիցներին է բաժանվել, բայց ոչ ուսուցիչներին»,- նշեց աշխատակիցը՝ հավելելով, որ քանի որ նպատակը ղարաբաղյան ծագմամբ ապրանքների, բնակարանների խաղարկելն էր և տոմսերի վաճառքից ստացված գումարները Արցախի վերաբնակեցման գործում ներդնելը, դրական արձագանքների էր արժանացել: Ինչ վերաբերում է երեկ տարածված տեղեկատվությանը, աշխատակիցը նշեց, որ ինքը նույնպես կարդացել է ու տեղյակ է հրապարակմանը, սակայն քաղաքապետարանի համապատասխան բաժին, նույնպես, դեռևս ոչ մի ահազանգ չի ստացվել ուսուցիչների կամ տնօրենների կողմից:

«Ոչ մի բողոք չի եղել, ես ինքս փորձել եմ մի շարք տնօրեններից ու ուսուցիչներից ճշտել իրողությունը, բայց դեռևս ոչ մի հստակ ահազանգ չկա»,- ասաց աշխատակիցը: