Նուբարաշենի աղբանոցի խնդրի մասին արձագանքել էինք ավելի վաղ, ընգծելով, որ հարցը դեռևս շարունակում է խնդիր հանդիսանալ շրջակա միջավայրի ու բնակիչների համար: Այրված աղբի ծուխը զգալի է ոչ միայն Նուբարաշենի շրջակայքում, այլև Էրեբունի համայնքի ողջ տարածքում: Առաջացած խնդիրները, այս դեպքում, բնակիչներին պատճառում են ոչ միայն տհաճ զգացողություններ կապված թաղամասում տարածված ծխի հետ, այլև կարող են լուրջ առողջական խնիրների պատճառ դառնալ:
YerevanNews.am-ը ցանկացավ այս հարցի շուրջ որոշ պատասխաններ ստանալ պետական համապատասխան օղակներից: Առաջին քայլով մենք գրավոր հարցում ուղղեցինք բնապահպանության նախարարություն: Ուշացումով ստացված պատասխանը «բավական» հակիրճ էր և վերացական: Հարցադրման առաջին մասը պարունակում էր Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի օդի աղտոտվածության աստիճանի մասին տվյալների տրամադրման խնդրանք, որին ի պատասխան ՀՀ բնապնախարարությունը մեզ հայտնեց, թե Երևան քաղաքի օդի աղտոտվածության վերաբերյալ վիճակագրական տվյալներին կարող ենք ծանոթանալ նախարարության պաշտոնական կայքից:
Ուսումնասիրելով պաշտոնական կայքը մենք պարզեցինք, որ նախարարությունն իրականացնում է մթնոլորտի աղտոտվածության աստիճանի մասին ուսումնասիրություններ միայն ըստ քաղաքների, և հետևաբար մենք չկարողացանք պարզել, թե կոնկրետ Էրեբունի վարչական շրջանում որքանով է աղտոտված օդը: Հարցադրման երկրորդ մասով մենք ցանկանում էինք տեղեկանալ, թե ինչպիսի գործառնական քայլեր են ձեռնարկվում այս խնդրին լուծում տալու համար: Պատասխանը «հուսադրող» էր.
«...ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարվել է ուսումնասիրության կենտրոնում պահել Նուբարաշենի աղբավայրի հետ կապված բնապահպանական բոլոր խնդիրները»:
Այսինք, բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը Նուբարաշենի աղբավայրի խնդրին «արդեն» տեղյակ է: Ուշադրության կենտրոնում պահելու հրահանգն էլ «ճիշտ ժամանակին» էր տրված:
Բնապահպանության նախարարությունը ևս մեկ կարևոր հիշեցում արեց. «...Հայտնում եմ նաև, որ Նուբարաշենի աղբավայրը գտնվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո»:
Այս հիշեցումը մենք ընդունեցինք ի գիտություն և նույնպիսի հարցադում ուղղեցինք նաև Երևանի քաղաքապետարան: Արդյունքները կհրապարակվեն: