Այսօր մամուլում լուրեր են շրջանառվում, ըստ որի քրեական հեղինակություն Զապին՝ Անդրանիկ Սողոյանին, երեկ՝ հոկտեմբերի 31-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու փոխարեն տարել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հարցի վերաբերյալ փորձեցինք կապ հաստատել «Էրեբունի բժշկական» կենտրոն, բայց երկար փորձերից հետո մեզ դա ոչ մի կերպ չհաջողվեց:

Yerevannews-ի հետ զրույցում արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը անդրադառնալով տեղեկատվությանը, ասաց՝ «Անդրանիկ Սողոյանը երեկ տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և այս պահի դրությամբ գտնվում է այնտեղ, իսկ թե դրանից առաջ նրան ուր են տարել, ոչինչ չեմ կարող ասել»: 

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 31-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը հրապարակեց օրենքով գող «Զապի» խափանման միջոցի ընտրության վերաբերյալ որոշումը: Դատավորը մերժեց նրա փաստաբան Մարտիրոսյանի ` «Զապին» գրավի դիմաց ազատ արձակելու որոշումն ու նրա նկատմամամբ մեկամսյա կալանավորման որոշում կայացրեց: