Սուրիկ Խաչատրյանի հարստությունը պարզվում է «լեգենդ» էր: Սյունիքի «խեղճ» մարզպետին ինչպիսի անուն ասես, որ չդրեցին՝ է՛լ թալանչի, է՛լ գող, է՛լ ուրիշի հարստությունը սեփականացնող: Պարզվում է, որ սեփական ոչինչ չունի ո՛չ Սուրիկ Խաչատրյանը, ո՛չ նրա կինը և ո՛չ էլ որդին: Սյունիքի մարզպետը այսպես է ներկայացրել հոկտեմբերի 30-ին «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի» իր վերջին՝ 2014-ի հայտարարագրում:

Սյունիքի մարզպետը սեփական անկյուն չունի անգամ ամբողջ Հայաստանի հսկայական տարածքում: Նա հույսը դրել է իր «չնչին» աշխատավարձի և որոշակի դրամական միջոցների՝ 2.5 մլրդ դրամի և 1 մլն դոլարի վրա: 

Նրա կինը ևս «գոյատևում է» իր աշխատավարձով՝ ինչ-որ 1 մլն 227 հազար դրամով: Արժե արդյոք խոսել որդու՝ 360 հազար դրամ աշխատավարձի մասին: Հարց է առաջանում, եթե ոչ մի սեփականություն չունի ընտանիքը, որտե՞ղ է ապրում, ո՞ւմ տանը, ի՞նչ մեքենա է քշում, և վերջերս ո՞ւմ մեքենան է վթարի ենթարկել Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը: