Նոյեմբերի 1-ին Երկրապահ կամավորակաների միության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հանրակրթական դպրոցներում 2014-2015 ուսումնական տարում «Պատանի երկրապահ» ակումբների ձևավորմանը և հայրենասիրական դաստիարակությանն ուղղված միջոցառումների ուղեցույց-ձեռնարկի շնորհանդեսը:

Նախքան ձեռնարկի շնորհանդեսը` ՀՀ պաշտպանության, կրթության և Գիտության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Արմեն Աշոտյանը, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև, եղան ԵԿՄ թանգարանում, ծանոթացան 5-րդ բրիգադի անցած մարտական ուղուն և ներկայացված ցուցանմուշներին:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ԵԿՄ անդամ Վարդան Դևրիկյանը նկատեց, որ ձեռնարկի լույս ընծայումը տրամաբանական արգասիքն է ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարությունների և ԵԿՄ հասարակական կազմակերպության միջև սույն թվականի սեպտեմբերի 9-ին կնքված փոխըմբռնման հուշագրի: Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվել են խթանել հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների հայրենասիրական դաստիրակությունը, յուրաքանչյուր ուսումնական տարվա համար համատեղ մշակել և հաստատել այդ նպատակին միտված միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը: Ըստ հուշագրի` հանրակրթական բոլոր դպրոցներում ստեղծվելու են պատանի երկրապահների ակումբներ:

Միջոցառման ընթացքում ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը համառոտ ներկայացրեց ուղեցույցի բովանդակությունը, նախատեսված միջոցառումների ցանկը, խնդիրներն ու նպատակները:
Ձեռնարկի շնորհանդեսի կապակցությամբ շնորհավորելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում շեշտեց, որ հարկ է մեկընդմիշտ պարտական լինել և արժևորել մեր հաղթանակները կերտած հերոսների սխրանքը, քանի որ միայն անցյալի արժևորմամբ ու գնահատմամբ մենք կարող ենք կերտել մեր արժանավայել ապագան: Պաշտպանության նախարարի համոզմամբ` անչափ գնահատելի է այն իրողությունը, որ ուղեցույցի շնորհիվ անցյալի արժևորմանն ու հիշատակմանը միտված միջոցառումներն այսուհետև դպրոցական ուսումնական ծրագրի մասն են կազմելու: