«Հաճախ եմ նկատում մեր երկրում, երբ երեխաները քարերով հարվածում են կենդանիներին, և հետո ծնողները զարմանում են, թե ինչու շունը հարձակվեց կամ կծեց իր երեխային: Հորդորում եմ ու խնդրում բոլոր ծնողներին, որ թույլ չտան ու ասեն երեխաներին, որ չի կարելի բացասական վերաբերմունք դրսևորել փողոցում ապրող կենդանու նկատմամբ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Կարինե Փանոսյանը՝ հավելեով, որ այս առումով ինֆորմացիայի պակաս կա թե դպրոցներում, թե ծնողների կողմից:
Փորձագետը նշում է, որ շունը պաշտպանվելու բնազդ ունի, պարզ է, որ հնարավոր է իրեն վնասելու դեպքում ագրեսիա դրսևորի:

Անդրադառնալով նաև այսպես կոչված շների մարտերին, Նարե Արամյանը նշեց, որ դա պետք է քրեորեն պատժվի: «Հայաստանում չկա կենդանու հանդեպ պատասխանատվություն նաև օրենքի մակարդակով: Կան օրենքներ, բայց դրանք չեն վերահսկվում»,- նշեց «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը՝ հավելելով, որ պետք է հանրային ձևով վերահսկել, որ կենդանիները չտուժեն մարդկային շահի ու այլասերված մտածելակերպի պատճառով:

«Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք». կենդանապաշտպան քաղաքացիական նախաձեռնությունը կենդանիների խնամակալության ծրագիր է մշակել, որի շնորհիվ պատասխանատու անձը կարող է լրացնել հայտ այն կենդանու համար, որի նկատմամբ ստանձնում է խնամակալություն: Ծրագրի շնորհիվ բակային կենդանիների խնամք է իրականացվելու, որը, ըստ նախաձեռնության լավագույն ու մարդկային միջոց է՝ վերահսկելու փողոցային կենդանիների գլխաքանակի անվտանգ աճը քաղաքում:

Նախաձեռնությունը նպատակ ունի համնագործակցել Երևանի քաղաքապետարանի հետ և ակտիվիստները նամակով պատրաստվում են դիմել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: