Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հայտարարել է, որ քաղաքացիների անձնական տվյալները պարունակող «inchka.am» կայքն արդեն փակվել է: Նշենք, որ այսքանով, սակայն, մարդկանց տվյալների արտահոսքի խնդիրը լուծված չի կարելի համարել։
Սամվել Մարտիրոսյանը ենթադրում է, որ ինչ-որ պետական կառույցից է եղել արտահոսքը, քանի որ ինչպես հարկն է չեն հետևում ու պաշտպանում տվյալները:
Մեդիափորձագետի խոսքով վերջին տարիների նմանատիպ դեպքերը ապացույցն են այն բանի, որ այդ տվյալները լավ չեն պաշտպանվում: Այդպիսի դեպք գրանցվեց 2010 թվականին: «2013թ. ադրբեջանցի հակերները 2 անգամ այդ տվյալները տեղադրեցին ու ասացին, որ իրենք կոտրել են ՀՀ Ոստիկանության սերվերները և գողացել են տվյալները։ Իրականում այդպիսի բան չէր եղել։ Իրենք ուղղակի ինտերնետում գտել էին այդ տվյալները, քանի որ այդ բազաները ինտերնետում լցված են», - ասաց Սամվել Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ «inchka.am»-ն անձնական տվյալներ պարունակող 1-ին կայքը չէ. 3-4 նման կայքեր կան։
Սամվել Մարտիրոսյանի խոսքով նմանատիպ կայքեր էլի են ստեղծվել, հետո փակվել են: «Ուղղակի այս անգամ աղմուկ բարձրացավ, մարդիկ սկսեցին նեղսրտել, ինչը լավ է։ Գոնե վերջապես հասկացան, որ նման բան պետք է չլինի ցանցում»,-ասաց Ս. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ կայքը փակվել է, բայց խնդիրը չի փակվել։


