«Հրապարակ» թերթը գրում է.

«Ոչ իշխանական եռյակն անհասկանալի դադար է վերցրել բոլոր առումներով, հիմա էլ կասկածի տակ են դրվում նոյեմբերի 7-ին հանրահավաք անցկացնելու, ինչպես նաև մարզերում շտաբներ ստեղծելու հարցերը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ընթացքում Գագիկ Ծառուկյանը հայտարարեց մարզային շտաբներ ստեղծելու մտադրության մասին՝ շարժումը մարզեր հասցնելու և մոբիլիզացնելու նպատակով: Եվ քանի որ այս գործի թե կազմակերպչական, թե ֆինանսական հարցերը հիմնականում ԲՀԿ-ի ու ԲՀԿ-ական պատգամավորների ուսերին են դրված, արմավիրցի Ռուստամ Գասպարյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ, թե ինչու է դադար առել եռյակի համաժողովրդական շարժումը: Գասպարյանը նշեց, որ դեռ հստակ որոշված չէ՝ նոյեմբերի 7-ին հանրահավաք լինելու է, թե ոչ:

- Պարոն Գասպարյան, մի քանի մարզերի պատգամավորներ հաստատել են, որ դեռևս մարզային շտաբներ չեն բացվել, ինչո՞ւ, և ի՞նչ պետք է անեն այդ շտաբները:

- Ըստ էության, շտաբներ կան բացված, որովհետև կուսակցական գրասենյակներ բոլոր տեղերում էլ կան, հիմա ճշտվում է՝ ինչ ֆորմատով, ինչ ձևով պետք է այդ աշխատանքները տարվեն, ինձ թվում է՝ առաջիկայում պարզ կդառնա: Իսկ հնարավոր է նաև չստեղծվի, դա ռազմավարություն է, և չեմ ուզում ասել՝ կոնկրետ ինչ ենք որոշում:

- Իսկ հաջորդ հանրահավաքին ի՞նչ պետք է սպասել, քանի որ Դուք նաև Ազատամարտիկների դաշինքն եք ներկայացնում, որտեղից ռադիկալ գործողությունների պահանջ է հնչում, իսկ որոշներն էլ խոստացել են մինչև տարեվերջ իշխանափոխություն իրականացնել, պարզե՞լ եք՝ լիդերները պատրա՞ստ են ռադիկալ քայլերի, թե՞ թավշյա հեղափոխություն եք անելու:

- Դե գիտեք, նախկինում բազմաթիվ անգամներ արել են նման քայլեր ու երևի նախկինում արված սխալները չեն ուզում կրկնել, այլ ուզում են օրինական, սահմանադրական ճանապարհով հասնել:

- Իսկ այլ կերպ, խաղաղ ճանապարհով իշխանափոխություն պատկերացնո՞ւմ եք:

- Ինչի, Վրաստանում չեղա՞վ նման բան, վարդերով հեղափոխությունը: Եթե ամբողջ ազգն է կանգնելու ոտքի ու պահանջելու, ո՞ր իշխանությունը կդիմանա մի ամբողջ ժողովրդի»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: