Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցող եղանակային փոփոխությունները և դրան հաջորդած ԱԻՆ և գյուղատնտեսության նախարարության կողմից կատարված հաղորդագրությունները բազմաթիվ խոսակցությունների առիթ հանդիսացան: Որոշ աղբյուրներ պնդում էին, թե գյուղացիները կրել են մեծ վնասներ ժամանակից շուտ հավաքելով բերքը, սակայն Գյուղատնտեսության նախարարություն չի ստացվել ոչ մի բողոք կամ ահազանգ գյուղացիների կողմից:

YerevanNews.am-ը կապնվեց գյուղնախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանի հետ, պարզելու, թե ինչ վիճակում է գտնվում հավաքված բերքը: 
«Մենք որևէ ահազանգ չենք ստացել գյուղացիներից, գյուղապետերից, և որևէ անհատական օրինակ բերել հնարավոր չէ»,- հայտնեց Անի Սմբատյանը:

«ԱԻՆ-ը հայտարարել էր, թե 20 աստիճանով իջնելու է ջերմաստիճանը: Սակայն, այդ օրերին ջերմաստիճանը այնքան չիջավ, ինչպես հայտարարվել էր ու գյուղացին դեռ խակ բերքը հավաքեց ու հիմա չգիտի ինչ անի։ Ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է«Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը: 

Մենք փորձեցինք պարզել Հրաչ Բերբերյանից, թե որ գյուղերի գյուղացիներն են տուժել, և որքան չափով: Չունենալով հավաստի աղբյուրներ Բերբերյանը նշեց Ազատան գյուղը հավելելով, որ այնտեղ ժամանակից շուտ բերքը հավաքելով տուժել են շատ գյուղացիներ:

Իր հերթին Ազատան գյուղի գյուղապետ Վարդան Իկլիկյանը հարցին, թե որքա՞ն վնասներ են կրել գյուղացիները ժամկետից առաջ կատարած բերքահավաքից պատասխանեց. «Հոկտեմբերի վերջին մեր բերքահավաքը ավարտվում էր արդեն: Մի քանի ֆերմերներ իրենց կարտոֆիլը մենակ պիտի հավաքեին: Իսկ կարտոֆիլը հողի տակ չէր ցրտահարվի: Դա էլ արագեցված տեմպերով հավաքվեց ԱԻՆ-ի արած հայտարարությունից հետո: Գյուղացիները ոչ մի վնաս էլ չեն կրել: Հիմա հավաքված բերքն արդեն սպառման մեջ է»: