«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը Շանթ Հարությունյանի հանդեպ իրականացրած հետապնդումը բնորոշում է, որպես քաղաքական: Այս մասին YerevanNews.am-ի լրագրողին հայտնեց Արմեն Մարտիրոսյանը. «Սա քաղաքական հետապնդում է, որովհետև Շանթ Հարությունյանի գործողություններից ի սկզբանե պարզ է եղել, որ իր կազմակերպածը բողոքի ակցիա էր: Ինքն ըստ էության բռնության որևէ քայլեր չէր էլ նախատեսել և չէր էլ կարող նման թվաքանակով ինչ-որ գործողություններ իրականացնել: Ցավոք սրտի արդեն որերորդ անգամ ոստիկանները քաղաքացիական հագուստով պրովակացիա կազմակերպեցին կարծեք թե, և դրա արդյունքում տեղի ունեցավ այն ամենը, ինչը հետո որակավորվեց որպես խուլիգանություն:

Մենք օրենք ընդունեցինք, որ մասսայական միջոցառումների, բողոքի ակցիաների, ակցիաների ժամանակ ոստիկանները բացառապես համազգեստով: Ուստի և նմանատիպ մոտեցումը Շանթ Հարությունյանի նկատմամբ, օրենքի խախտումներով միանշանակ խոսում էր նրա մասին, որ իր նկատմամբ հետապնդում կար: Դեռ դատարանում որոշում չկայացրած էլ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Շանթ հարությունյանը պետք է պատժվի: Այնպես որ ամեն ինչ, կարծեք թե, շատ ակնհայտ է, և ըստ էության Շանթ Հարությունյանի քայլը բողոքի վերջին ճիչ էր, եղած իրողությունների հանդեպ:

Չեմ կարող բացառել, որ հետագայում ևս առավել արմատական քայլեր կփորձեն անել քաղաքացիները, որոնք խորապես դժգոհ են երկրի վիճակից: Ակնհայտ էր, որ Շանթ Հարությունյանի և իր ընկերների նկատմամբ քաղաքական հետապնդում եղավ: Շանթ Հարությունյանը ատոմային բոմբ չէր, որ անհրաժեշտ էր անմիջապես վնասազերծել, ուստի այդ խնդիրը կրկին մնում է ակտուալ»: