Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Երևան քաղաքի զարգացման ծրագրերը, այդ թվում՝ «Հին Երևան» ծրագիրը քաղաքաշինության արդի պահանջներին համապատասխան իրականացնելու, ներդրումներ ներգրավելու նպատակով կառավարությունը որոշում է ընդունել Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդ, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին, որը հնարավորություն կտա կարգավորել նշված տարածքներում հողերի սեփականատերերի փոփոխության իրականացումը, նվազեցնել ներդրումային ծրագրերի հետ կապված ռիսկերը:

«Սա մեզ համար շատ կարևոր ծրագիր է, և մենք այս որոշումով փորձում ենք խոչընդոտները հաղթահարել, որպեսզի 2015թ. վերջին ունենանք նախագիծ, որի իրականացման համար կա մինչև 120-130 մլն դոլար ներդրումների հնարավորություն», - ասել է վարչապետը:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի շրջանակում որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ ընդունվել է համապատասխան որոշում, ՀՀ երեք խոշոր քաղաքներում և խիտ բնակեցված տարածքներում աէրոլուսանկարների խտացման համար պլանաբարձրունքային հիմքի ստեղծման աշխատանքներ կատարելու նպատակով վերաբաշխում և փոփոխություններ է կատարվել ՀՀ 2014թ. պետբյուջեում և նախկինում ընդունված որոշման մեջ: