«Ցեղասպանության ակտի մեջ հանցագործը թուրքական պետականությունն է: Նրանք ամեն ինչ անում են՝ միայն թուրքական պետությունը չդառնա հանցագործության սուբյեկտ, իսկ մենք պետք է ապացուցենք, որ հանցագործը թուրքական պետությունն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Քաղաքագետը նաև անդրադարձել է վերջին օրերին Շառլ Ազնավուրի հետ տեղի ունեցած սկանդալին: Ըստ թուրքական «Posta» թերթի՝ Ազնավուրը հարցազրույց էր տվել իրեն «վաղուց ճանաչած» խմբագրին: Շառլ Ազնավուրը իր ֆեյսբուքյան էջում գրառել էր. «Ես «Posta» թերթին հարցազրույց չեմ տվել: Ես վիրավորված եմ այս նողկալի մեքենայությունից»:
Թուրքական «Posta» թերթն ամենալուսավոր ձևով էր ներկայացրել, թե հայ շանսոնյեի համար որքան սիրելի է թուրք ազգը՝ ինչպես նաև իբրև թե Ազնավուրը հայտարարել էր՝ որ իր մայրը թուրք է: «Posta» թերթը հայտնում է, որ շանսոնյե Շառլ Ազնավուրին շնորհվել է «Ոսկե սոսի» մրցանակը: Շառլ Ազնավուրը պաշտոնապես հայտարարել է, որ նման բան չի եղել, նա չի ստացել ոչ մի մրցանակ ու չի տվել հարցազրույց թերթին:
«Սա ինֆորմացիոն պատերազմի հերթական դրսևորումներից մեկն է, և որքան մոտենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այնքան Թուրքիան նման բաներ ավելի շատ է անելու»,- հայտնեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ: