«Նոյեմբերի 5-ին՝ մոտավորապես գիշերվա ժամը 3-ին, մենք ահավոր կրակոցներ լսեցինք: Անմիջապես տանից դուրս վազեցինք, կարծելով, որ շանը սպանեցին, հարևաններն էլ վախեցել էին, կարծելով, թե իրենց վրա են կրակում: Կրակոցների հետ լսվեց շան վնգստոցի ձայներ: Դուրս վազեցինք, տեսանք, որ Ուազ մակնիշի ավտոմեքենան և հետևից էլ մարդատար մեքենան ուղղակի փախուստի դիմեցին: Շանը մոտենալով տեսանք, որ արդեն սատկել էր: Առանց ժամանակ կորցնելու զանգահարել եմ ոստիկանություն, սակայն, պատասխան ստացա, որ մութ է, հիմա որ գան, ոչ մի բան պարզել չի էլ հաջողվի: Ես շանը տարել եմ փորձաքննության և սրտից հանել են 6 փամփուշտներ: Ճիշտ է նրանք հերքում են, որ կրակոցներ են լինում, համենայն դեպս սա փաստ է, որ «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն օրինազանցություններ է կատարում: Տեր ունեցող շանը կրակել և սատկացրել են»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց կենդանասեր Արմինե Մանուչարյանը:
«Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի ներկայացուցիչները հրավիրված էին ասուլիսին, սակայն հարկ չէին համարել ներկա գտնվել, և այս մասին կենդանասեր Վերա Կարապետյանը արեց իր մեկանաբանությունը. «Ցավն այն է, որ սա եզակի դեպք չի, և արդեն 2-3 տարի է ինչ շարունակվում է ոչ միայն թափառող, այլև տեր ունեցող շների սպանդը: Աջափնյակի թաղապետարան դիմելուց՝ ուղարկում են «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ, «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին դիմելուց համապատասխանաբար ուղղարկում են թաղապետարան հայտարարելով՝ որ դա թաղապետարանի որսորդներն են: «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի նման վայրագ կազմակերպություն դեռ չեմ հանդիպել: Նրանք դեռ այն ժամանակ էին անում նման սպանդներ, բայց հիմա բացահայտ կերպով է տեղի ունենում, և անգամ մամուլի ակտիվությունից ու մեր զանգերից նրանք չեն սթափվում»:
Տարեկան 220 մլն դրամ է հատկացվում թափառող շներին ստերիլիզացնելու կամ վնասազերծելու համար քաղաքապետարանին: Սակայն, ըստ Քրիստինե Ղևոնդյանի այդ գումարից անգամ մի միլիոնը չի օգտագործվում դեղորայք գնելու, կամ շներին ստերիլիզացնելու համար. «Կենդանասերների պնդմամբ Հայաստանում անգամ 46 հազար շուն չկա, որ տարեկան այդ գումարները տրամադրում են: Այսինքն ստացվում է, որ այս գումարները դուրս են գալիս կառավարությունից և իրենց նպատակին չեն ծառայում: Ուղղակի անհավատալի է, տարեկան 46 հազար շուն ստերիլիզացնեն, կամ վնասազերծեն: Ստացվում է, որ ինչ-որ տեղ շները բազմանում են, որը ուղղակի հնարավոր չէ»:
Արմինե Մանուչարյանը իրենց հետագա քայլերի մասին մանրամասնեց. «Ես ամեն բան անելու եմ որ իմ բողոքը տեղ հասնի: Եվ այս ամենը կազմակերպողները չպետք է ուրախանան, որ զերծ են մնալու պատասխանատվությունից, կամ շահեցին: Ես մինչև նախագահական նստավայր գնալու եմ և այս հարցը առաջ եմ տանելու»:
Հիշեցենք, որ արդեն 8 տարի է, ինչ պարտաճանաչ 220 մլն. դրամ է պետբյուջեից տրամադրվում «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին, սակայն ստերիլիզացնելու փոխարեն շներին գնդակահարում են: