Ծանոթ եմ Շտիգլիցի ուժեղ եւ թույլ կողմերին Շտիգլիցին ոչ մի հնարավորություն չեմ տա. վստահ եմ հաղթանակիս, քանի որ գնում եմ հաղթելու»։
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը՝ աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ կայանալիք առաջիկա մենամարտի մասին։
Մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի կունենա Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից ռեւանշ մենամարտը։ Հիշեցնենք, որ 2012թ. օգոստոսի 25-ին Բեռլինում Արթուր Աբրահամն աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 116-112, 116-112, 115-113: Համաձայն Արթուր Աբրահամի եւ Շտիգլիցի պայմանգրի, հաղթանակի դեպքում Արթուր Աբրահամը պարտավոր էր Ռոբերտ Շտիգլիցի հետ անցկացնել ռեւանշ մենամարտ։
Արթուր, ինչպե՞ս ես տրամադրված ռեւանշ մենամարտին։
Շատ լուրջ։ Իսկապես լուրջ եմ տրամադրված, դա նաեւ նկատվում է իմ մարզումներում, քանի որ ամբողջ օրս անցկացնում եմ մարզումների մեջ, մեծագույն լրջությամբ։ Չեմ առանձնացնում այս մենամարտը՝ ինչպես միշտ եմ պատրաստվել եւ տրամադրվել մենամարտերին, այնպես էլ այս մենամարտին եմ տրամադրված՝ ինչպես միշտ՝ շատ լուրջ։ Ամենակարեւորը դրական եմ տրամադրված։
Որտե՞ղ եւ ի՞նչ գրաֆիկով ես մարզվում։
Բալթիկ ծովի ափին գտնվող Ցինովից քաղաքում եմ մարզվում։ Սա փոքրիկ քաղաք է անմիջապես ծովի ափին։ Այստեղ ուղղակի հաճելի է մարզվելը։ Հատուկ չեմ ընտրել վայրը, ուղղակի այստեղ հոգնածություն չես զգում երկարատեւ մարզումներից հետո։
Բավական ծանրաբեռնված եւ բարդ օրակագով եմ մարզվում՝ արթնանում եմ առավոտյան 6։30-ին, ժամը 07։00-ից սկսվում են մարզումներս, նախ վազում եմ 5 կմ, ապա նախավարժանքներ եւ բուն մարզումները մինչեւ 08։30։ Ժամը 10։30-12։30՝ երկրորդ մարզումներն են, որի ընթացքում հարվածներիս վրա եմ աշխատում։ Ապա սպարինգներ ենք անում՝ 16։30-18։30։ Օրվա վերջում մարմնամարզությամբ եմ զբաղվում եւ անմիջապես շոգեբաղնիք, լողավազան։ Ամեն սպարինգից հետո ես մտնում եմ լողավազան, քանի որ դա շատ հանգստացնում է մկանները։
Գրաֆիկս իսկապես ծանր է։ Արդեն մենամարտից մեկ շաբաթ առաջ գրաֆիկս կթեթեւանա, որպեսզի հասցնեմ հանգստանալ։ Կշարունակեմ մարզումներս օրը երկու անգամ, բայց չեմ դադարեցնի։
Ասացիր, որ մարզումներիդ մեծ մասը տրամադրում ես սպարինգ մենամարտերին։ Ո՞ւմ հետ ես սպարինգներ անցկացնում։
Աշխարհի տարբեր երկրներից Ցինովից այցելած մարզիկների հետ: Այստեղ են ժամանել հատուկ սպարինգ մարզիկներ ինձ հետ մարզվելու համար՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, ինչպես նաեւ Գերմանիայից։
Մի քանի օր է մնացել մենամարտին։ Որեւէ բան քեզ անհանգստացնո՞ւմ է, քանի որ սա ռեւանշ մենամարտ է եւ,կարծես, Շտիգլիցը վստահ է իր հաղթանակի վրա։
Անհանգստություն չունեմ, հակառակը՝ վստահություն կա մեջս։ Ես միշտ ունեմ այդ վստահությունը, որ պետք է հաղթեմ։ Ես միշտ դուրս եմ գալիս ռինգ հաղթելու, երբեք չեմ գնում պարտվելու։ Սա իմ նշանաբանն է՝ գնալ հաղթելու, եւ սրանով ես առաջ եմ շարժվում։
Միանշանակ հաղթելու եմ։ Մարզավիճակս գնահատում եմ շատ բարձր։ Այս մենամարտից միայն հաղթանակ եմ ակնկալում։
Ինչ վերաբերում է Շտիգլիցին, բնական է, որ նա էլ է տրամադրված հաղթանակի եւ վստահ է, որ կարող է հաղթել։ Բայց ես առավել վստահ եմ իմ հաղթանակի վրա։
Ռեւանշ մենամարտը ենթադրում է, որ Շտիգլիցն իր ուժերը բարելավված կլինի։ Ի՞նչ հնարավորություններ ունի նա՝ ըստ քեզ։
Մենք նրան ոչ մի հնարավորություն էլ չենք տա, որ ունենա...(ծիծաղում է)։
Արդեն ծանոթ եմ նրա եւ ուժեղ, եւ թույլ կողմերին։ Այնպես որ, որեւէ հնարավորություն նա չունի։
Իսկ ի՞նչ նշանակություն ունի այս ռեւանշ մենամարտը քեզ համար։ Այս մենամարտի հաղթանակը ի՞նչ կտա քեզ։
Իմ գերնպատակն այն է, որ ես կարողանամ աշխարհի չեմպիոնի գոտին պահել։ Սրանից կարեւոր նշանակություն ինձ համար չկա։ Չեմ առանձնացնում այս ռեւանշ մենամարտը մյուս մենամարտերից։ Բոլորին էլ նույն լուրջ վերաբերմունքնով եմ մոտենում՝ լինի դա Շտիգլիցի հետ մենամարտը, Պողոսի, թե Պետրոսի։ Ինձ համար տարբերություն չկա՝ ով է հակառակորդս։
Քեզ պարբերաբար մենամարտի են հրավիրում, ռեւանշի պայմանագիր ես կնքում, մեկ ուրիշը փորձում է խլել քեզանից աշխարհի չեմպիոնի գոտին։ Գոտու համար այս պայքարը քեզ չի հոգնեցրե՞լ։
Սա իմ աշխատանքն է եւ ես ապրում եմ դրանով։ Եթե նույնիսկ հոգնեցի, ես իրավունք էլ չունեմ այդ մասին մտածել եւ չեմ էլ մտածում։ Սա իմ աշխատանքն է, եւ ես եմ այն ընտրել։ Բանն այն է, որ աշխարհի չեմպիոնի գոտին պահպանելն ավելի դժվար է, քան ձեռք բերելը։ Որովհետեւ բոլորն ընկած են քո հետեւից, ուզում են ձեռքիցդ խլել։ Դա էլ իր հետաքրքրությունն ու դժվարությունն ունի։ Եթե նվաճում ես այդ գոտին, պետք է կարողանաս այն նաեւ պահպանել, ինչպես դա արեցի դեկտեմբերին Մեհդի Բուադլայի հետ մենամարտում։ Եթե ուզում ես աշխարհի չեմպիոն լինես, աշխարհում ամենալավը լինես, հեշտ բան չէ. պարտավոր ես այդ ամենի միջով անցնել։
Հաղթանակդ ո՞ւմ կնվիրես։
Դեռեւս այդ մասին չեմ մտածել։ Բայց կնշեմ, որ իմ բոլոր հաղթանակները միանշանակ իմ ընտանիքի, իմ ընկերների եւ ամբողջ հայ ազգին է նվիրված։ Ես մենամարտում եմ նրանց համար։ Հաղթանակս կլինի մեր ազգի հաղթանակը։