«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Տիգրան Մեծ» հրատարակչության ղեկավար Վրեժ Մարկոսյանի հետ փորձեցինք զրուցել վերջին ներքաղաքական իրադարձություններից, վարչապետի վարած տնտեսական քաղաքականությունից և Ծառուկյանի՝ նախագահ դառնալու հավակնություններից: Պարզվեց՝ ՀՀԿ-ական պատգամավորը դեմ չէ, որ Ծառուկյանը դառնա նախագահ: Եթե Աստված հաջողի, իհարկե:

- Պարո՛ն Մարկոսյան, եռյակն իշխանափոխություն է ուզում իրականացնել, հանրահավաքներ է կազմակերպում, միասնական շտաբներ է ձևավորում: Այս ամենը Ձեզ չի՞ մտահոգում:

- Ոչ, չի մտահոգում:

- Ըստ Ձեզ՝ կհաջողվի՞ եռյակին իրականացնել իշխանափոխություն Հայաստանում:

- Չգիտեմ, չեմ կարող պատասխանել: Արդյունքը ցույց կտա: Ո՞վ կարող է հստակ ասել՝ կլինի՞, թե՞ չի լինի, կամ ժողովրդին օգուտ կբերի՞ էդ իշխանափոխությունը…

- Կարծում եք որևէ օգուտ չի՞ տա իշխանափոխությունը:

- Ժողովուրդը միշտ էլ քննադատելու ա իշխանությանը՝ ով էլ լինի, ԲՀԿ լինի, ՀՀԿ լինի, ժողովուրդը միշտ պիտի քննադատի, որովհետև աղքատությունը շատ ա մեր երկրում:

- Այդ դեպքում լավ չի՞ լինի, որ ԲՀԿ-ն կամ մեկ ուրիշը գա, ու իրեն քննադատեն, ոչ թե ձեզ:

- Թող գան:

- Այսինքն՝ կո՞ղմ եք, որ իրենք գան:

- Կողմ եմ:

- Կողմ եք նաև, որ Գագիկ Ծառուկյա՞նը, օրինակ, դառնա նախագահ:

- Եթե Աստված հաջողի, կողմ եմ:

- Անդրադառնանք տնտեսության վիճակին: Այսօր ոչ միայն փոքր տնտեսվարողները, այլև խոշոր գործարարներն են դժգոհում երկրի վիճակից, որ այս պայմաններում չեն կարողանում այլևս պահպանել իրենց բիզնեսները: Ձեր բիզնեսն ի՞նչ վիճակում է:

- Ես բիզնեսներ չունեմ, ընդամենը ունեցել եմ տպարան… նորմալ է: Բայց խոշոր բիզնեսմեններից ոչ մեկն էլ իրավունք չունի բողոքելու»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: