«Հայոց աշխարհ» թերթը գրում է.
«Հայաստանի արժութային շուկայում վերջին օրերին նկատվում է նոր լարվածություն, որը խորանալու դեպքում կարող է լուրջ գլխացավանք պատճառել Կենտրոնական բանկին։ Շուկայի մասնակիցները խուսափում են դոլար վաճառելուց, որի հետեւանքով կրճատվել է տարադրամի առաջարկը։ Այն բավարարելու համար ԿԲ-ն ստիպված է բացել արտաքին պահուստները։
Դոլարի առաջարկի կրճատման հետևանքով ամերիկյան արժույթը հասցրել է որոշ չափով թանկանալ։ Թեպետ այդ գործընթացը բավականաչափ հանդարտ է տեղի ունենում։ Ի տարբերություն ռուսական շուկայի, Հայաստանում կտրուկ տատանումների մասին առայժմ խոսք լինել չի կարող։ Չնայած նրան, որ ձևավորված հարաբերական կայունությունը բավական փխրուն է։
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Կենտրոնական բանկը կտրուկ մեծացրել է մասնակցությունը արժութային շուկայում։ Դա նպատակ ունի հնարավորինս նվազեցնել ի հայտ եկած սպասումները։ Վերջին օրերին ԿԲ-ն ըստ էության իր վրա է վերցրել շուկայի տարադրամային բացը լրացնելու պարտավորությունը։
Տևական դադարից հետո, անցած շաբաթվա ընթացքում բորսայում իրականացված դոլարային ներարկումների ծավալը կազմեց 11,6 միլիոն։ Արդեն անցած օրը ԿԲ-ն ստիպված եղավ վերջին ամիսների համար աննախադեպ մեծ գումարի ինտերվենցիա իրականացնել։ Բորսայական օրվա ընթացքում վաճառվեց 16,5 մլն դոլար։ Կասկած չկա, որ դրա գերակշիռ մասը, եթե ոչ ամբողջը, բաժին է ընկել Կենտրոնական բանկին։
Այս սեզոնի համար սա անսովոր վիճակ է։ Տարեվերջին արժութային շուկայում հիմնականում նկատվում է հակառակ երևույթը՝ մեծանում է դոլարի առաջարկը, ինչը հնարավորություն է տալիս Կենտրոնական բանկին ինչ-որ չափով նույնիսկ վերականգնել տարվա ընթացքում կորցրած տարադրամի քանակը։ Այս տարի վիճակը բոլորովին այլ է»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: