«ԼՂՀ ՊԲ -ից ստացված տեղեկատվության համաձայն` հակառակորդը շարունակում է լարված պահել իրավիճակը սահմանին, ինչը առայժմ հնարավորություն չի տալիս մոտենալ խոցված ուղղաթիռին: Հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 200 անգամ` ողջ գիշեր չդադարեցնելով կրակը»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և հավելում.

«Միաժամանակ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութը լրացուցիչ ապացուցում է, Ադրբեջանի պաշտպանության նախարարության` մինչ այդ տարածած հաղորդագրության հերյուրանք լինելը: Տեսանյութը ևս մեկ անգամ փաստացի ապացուցում է, որ ԼՂՀ ՌՕՈւ-ին պատկանող ուղղաթիռները չեն խախտել սահմանը և որևէ դիրքի վրա չեն գրոհում:
Ըստ կարգի` գրոհող կամ անգամ գրոհից հետո հետ վերադարձող ուղղաթիռները օգտագործում են թռիչքային այլ մարտավարություն և տեխնիկական այլ միջոցներ»:

Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:

Համացանցում առկա է տեսանյութ, որը հերքում է ադրբեջանական վարկածն հայկական հարձակման մասին: