Մեր քաղաքական դաշտը, իշխանական համակարգը առաջին հերթին  գտնվում է մի փիլիսոփայության մեջ, որում արդեն թելադրված է բոլոր հիմնական դրույթները: Այսօր՝ նոյեմբերի 13-ին լրագրողների  հետ զրույցում ասաց «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանը:

Այն հարցին, թե ի՞նչ արժեհամակարգ է որդեգրել կառավարությունը և ինչ՞ի կհանգեցնի այդ քաղաքականությունը, Ա. Մանուչարյանը պատասխանեց:

«Երբ որ դու ընդունում ես որոշակի արժեհամակարգ, որում փողը առաջին տեղում է, դրանից հետո քո գործողությունները երկրի կործանման հարցում ավտոմատ են դառնում: Այսինքն դու կործանելու ես երկիրը անկախ այն հանգամանքից, թե որ կուսակցությանն ես հարում: 

Բանն այն  է, որ Հայաստանի արատավոր զարգացող համակարգը, սկսած 90-ական թվականներից, երբ որ Հայր մերը մենք փոխարինեցինք «փող մերով», այդ պահից սկսած անդադար մի արատավոր համակարգից գնում ենք մյուսը, ավելի ու ավելի խորանալով:

2001-2007թթ. մեր պետությունը անցավ օլիգարխիական կառավարման համակարգի, որի հիմքում ընկած է տանդեմի սկզբունքը: Հայաստանում տիրում է երկբևեռ համակարգ, որոնցից մեկը  կառավարում է  Քոչարյանը, մյուսը Սարգսյանը: Եվ դրա հիմքում նրանք ստեղծում են կուսակցություններ, և այդ կուսակցությունները իրար փոխարինելով կառավարում են այս պետությունը: Եվ կախված նրանից, թե ով ավելի առաջատար դիրքեր է զբաղեցնում արտաքին քաղաքականության վրա, նա էլ կառավարում է պետությունը»: