«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղն իր հարակից ազատագրված տարածքներով ոչ թռիչքային գոտի հայտարարելու մասին հայտարարությանն ի պատասխան՝ երեկ Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն ուղղաթիռով մեկնել է Ղարաբաղ' մասնակցելու Հայաստանի և Ղարաբաղի զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին:
Բնականաբար Սերժ Սարգսյանի այս քայլը կրում էր շատ հստակ ուղերձ, և, ըստ էության, պատասխանն էր ադրբեջանական կողմի նետած ձեռնոցին: Նշենք, որ ազերիները ԼՂՀ օդային տարածքը փակելու մասին ոչ միայն հայտարարել էին, այլև պաշտոնական նամակով տեղեկացրել էին քաղավիացիայի միջազգային կազմակերպության անդամներին։
Հակամարտությունների համաշխարհային պատմության մեջ նման քայլերը, սովորաբար, նախորդել են պատերազմական գործողություններին, կամ առնվազն' լարվածության սահմանագծային էսկալացիային: Եվ այս իմաստով Սերժ Սարգսյանի կողմից «փակ օդային տարածքով» ուղղաթիռային երեկվա չվերթը նշանակում էր ազերիների դեմքին նետված պատասխան ձեռնոց»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: