Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Ուղղաթիռի և ուղևորների մասին տեղեկություն ստանալու համար դիմեցինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեյի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ, հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն:
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր պատրաստակամությունն է հայտնել և ներկա պահին գտնվում է երկխոսության մեջ բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Կազմակերպությունը առաջարկելով իր անկախ միջնորդի դերը, որն աջակցելն է փնտրման աշխատանքները իրականացնելու համար, պարզաբանելու է ճակատագիրը օդաչուների և ուղղաթիռի»,- YerevanNews.am-ի լրագրողին հայտնեց Կարմիր խաչ միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ, հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Այն հարցին, թե Կարմիր խաչը զբաղվելու է խոցված ուղղաթիռի ուղևորների Հայաստան բերելու հարցով Զառա Ամատունին պատասխանեց. «Կարմիր խաչը աջակցելու է, որպես անկախ միջնորդ, վիրավորների կամ մահացածների վերադարձման համար»:
Հիշեցնենք, որ ներկա պահին հնարավոր չէ մոտենալ խոցված ուղղաթիռին: