Լիանա Բալյանը՝ Գյումրի-Երևան ավտոճանապարհին նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական վթարի մեղադրյալ բեռնատարի վարորդի փաստաբանը, YerevanNews.am-ի լրագրողին ներկայացրեց, թե ինչ վիճակում է ներկա պահին մեղադրյալը. «Նոյեմբերի 13-ից եմ ես ներգրավվել, որպես Մանվել Վարդանյանի պաշտպան: Հենց այդ օրը ես առանձին տեսակցություն ունեցա Մանվելի հետ: Նա շոկային վիճակում էր գտնվում, գլուխը վնասված, գանգատվում էր ցավերից, և ասաց, որ իրեն, ճիշտ է, բժշկական օգնություն են ցուցաբերել, բայց իրեն շատ վատ է զգում: Մանվել Վարդանյանը դողում էր և անգամ չէր հիշում, թե ինչ ցուցմունքներ է տվել և ինչ փաստաթղթեր է ստորագրել: Նա միայն կրկնում էր թող ինձ տանեն, սպանեն, դատեն, ինչ ուզում են թող անեն, իմ համար մեկ է: Նա այդ վառված մարդկանց որ տեսել է չի կարողանում խելքի գալ»:

Մանվել Վարդանյանը իր խնամակալության տակ ունի 3 երեխա՝ 2-ը անչափահաս, ու կնոջը: Նա իր ընտանիքի միակ խնամակալն է: Ըստ բժշկական տեղեկանքի Մանվել Վարդանյանը եղել է սթափ վիճակում: Նույն օրը բեռնատարի վարորդին քննել են մինչև ժամը 23.50-ը: Տարօրինակն այն էր, որ հենց նույն օրը քննիչը արել էր միակողմանի մեղադրանք, որ բեռնատարի վարորդն է մեղավոր: Բեռնատարի վարորդը միայն մի բան է ֆիքսել, որ մարդատարը մեծ արագությամբ էր երթևեկում և այս մասին մի քանի անգամ հայտնել է քննիչին: Մանվել Վարդանյանի փաստաբանը բացարկ է հայտնել քննիչի հանդեպ գլխավոր դատախազին, հայտնելով, որ առանց փարձաքննության արդյուքն իմանալու միակողմանի քննություն է իրականացրել և մեղադրանք առաջադրել քննիչը: Փաստաբանը դիմել է նաև Շիրակի մարզի դատախազին, որ Մանվել Վարդանյանին տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց և հատկացնեն հոգեբան:

«Նոյեմբերի 10-ին մինչև ժամը 23:50 րոպեն քննել են գլխի վնասվածքով Մանվել Վարդանյանին, որը վատացել է քննության ընթացքում: Քննիչն ասում է, որ շտապ օգնություն են կանչել, թե բժիշկ են կանչել, որն առաջին օգնություն է ցուցաբերել բեռնատարի վարորդին: Սակայն, նրա ինքնազգացողությունը դրանից չի լավացել: Դրանից հետո նոյեմբերի 13-ին կրկին հարցաքննել են՝ առանց փաստաբանի: Իսկ փաստաբան չի ունեցել, որովհետև ո՛չ հեռախոս են տվել, ո՛չ հնարավորություն հարազատների հետ կապնվելու համար: Սոցիալական վատ վիճակի մեջ լինելով էլ Մանվելը չի ցանկացել ունենալ փաստաբան, և իրեն լիարժեք մեղավոր է ճանաչել»,- հայտնեց Վարդանյանի փաստաբանը:

Հիշեցնենք, որ մեքենաների սարքին վիճակի վրա շեշտադրումներ արեց Էդուարդ Հովհաննիսյանը՝ հայտնելով, որ ամեն մի մանրուքը կարևորվում է վթարների ժամանակ: