«Հրապարակ» թերթը գրում է.

«Ժողովրդական հայտնի խոսք կա՝ մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը: Ազգային ժողովի բուֆետում, թվում էր, ամեն ինչ կարգավորվել է՝ ճաշացանկ, գներ, սպասարկում, նույնիսկ ծաղիկներ են ավելացել սեղաններին: Բայց արի ու տես, որ դա միայն արտաքուստ է:

Օրերս խոհարարներից մեկն է ազատվել աշխատանքից՝ 13 տարվա աշխատանքային փորձ ունեցող տիկին Անահիտը, ով մեզ հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց: «Այստեղ որ անցա աշխատանքի, սկզբից ինձ վճարեց օրական 2 հազար դրամ, հետո իմացա, որ մյուս խոհարարին նիստերի օրերին վճարում էր 10 հազար: Ես բողոքեցի, ու նա ինձ հետո վճարեց 3 հազար, վերջին օրերին էլ՝ 4 հազար դրամ»: Բայց խնդիրը միայն վարձատրությունը չէ, այլև սանիտարահիգիենիկ պայմանները: Խոհարարը նշեց, որ Խորհրդային Միության տարիներին հիվանդանոցներում օգտագործվող գիշերանոթների մեջ, որոնք նախատեսված էին հիվանդների համար, իրենք աղցաններ են պատրաստում:

Բացի այդ, կարտոֆիլի պյուրեն խոհարարներից մեկը ձեռքով է ճմռում, ամենուր աղբ է թափված, որը նորմալ չի մաքրվում, պղնձյա կաթսաներն աղտոտ են ու նորմալ չեն մաքրվում: «Դուք էդ ամբողջ կեղտը պիտի տեսնեք, ճաշարանի հակասանիտարական վիճակը պիտի տեսնեք: Ես ժամանակ առ ժամանակ բարձրաձայնել եմ, ասել եմ՝ ժողովուրդ, կեղտի մեջ կորած է, սնունդ ենք տալիս, ի վերջո»,- ասաց խոհարարուհին՝ ավելացնելով, որ խոհարարներից որևէ մեկը բժշկական ստուգում չի անցել: Երբ բարձրացրել են մաքրության հարցը, Գրիգորյանն ասել է՝ ինքներդ արեք: Ըստ խոհարարի՝ հավաքարարի ու աման լվացողի պակաս կա, և նրանց գործը թողնված է մյուսների վրա: Այդ բուֆետում խոհարարը խորհուրդ չի տալիս օգտվել հատկապես որոշ ճաշատեսակներից, որոնց պատրաստման ժամանակ հիգիենայի տարրական կանոնները չեն պահպանվում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: