Ակնհայտ է, որ հրդեհն անեծքի պես հետապնդում է ինձ: Այդ մասին այսօր՝ նոյմեբերի 18-ին, Ազգային ժողովում լրագրողներին ասաց  ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ղեկավար Կարեն Ավագյանը, անդրադառնալով երեկ Մարզահամերգային համալիրում բռնկված հրդեհին:

Նրա խոսքերով,- «Հրդեհը որևէ կապ չի ունեցել ուսանողության միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառման հետ, համերգից հետո է միջադեպը եղել: Որևէ կապ չի ունեցել համերգի հետ այդ պատահարը, միջոցառումն սկսվել և ավարտվել է նախատեսված ժամին, բազմամարդ է եղել, և իրականում, եթե պաժառ եղել է, դա եղել է էն մարդկանց մոտ, ովքեր տեսել են, որ ՀՀԿ-ի երիտասարդական կուսակցությունը երիտասարդական կազմակերպությունը ի վիճակի է հավաքել այնքան մարդ, որքան չեն կարող հավաքել աշխարհացունց միտինգներ կազմակերպողները: Պաժառ եղել է միջոցառումից հետո, ես տեղյակ չեմ ինչից է եղել»:

Պատգամավորը չհերքեց այն դիտարկումը, որ հրդեհն անեծքի պես հետապնդում է իրենց,- «Միգուցե կարելի է ձեր ասածը հաշվի առնել, փորձենք տեսնենք դրա լուծումը որն է: Ո՞նց են անում, որ դրանից ազատվում են: Փառք Աստծո, այս անգամ հրդեհը չի հետապնդել Հանրապետական կուսակցությանը, միջոցառումն ավարտվել է, բայց մեր հետևից… Ընդհակառակը, եթե մեղքեր ունենայինք, ավելի վատ հետևանքներ կունենայինք, փառք Աստծո, վատ հետևանքներ չեղան»։

Դիտարկմանը, որ իր ղեկավարած հիմնադրամը փորձանք են դարձել ուսանողների համար, նա պատասխանեց. «Ուսանողները հասան իրենց տուն բարեհաջող: Իսկ փուչիկների թեմայից դուք կարաք դուրս գաք, որովհետև մեծացել եք»:

Հարցին, թե միգուցե արժե քննարկել հարցը, թե ինչո՞ւ է հրդեհը հետապնդում ՀՀԿ-ին, Կարեն Ավագյանը պատասխանեց. «Արժե քննարկել կամ չարժե քննարկել: Միգուցե ճակատագիր է, բայց ես ասացի՝ հուրն ու կրակը մեր սրտերում ու հոգիներում են»։