Ռուսաստանի Դաշնությունում նոյեմբերի 10-ից սկսվել են ICAO ստուգումները, որի արդյունքներով պարզ կդառնա պահպանում են արդյո՞ք ռուսական ավիաընկերությունների կողմից միջազգային քաղավիացիայի օրենքները և որքանո՞վ են անվտանգ ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռներով իրականացվող թռիչքները: ICAO-ն ՄԱԿ-ին կից մասնագիտացված կառույց է, որի գործառույթների մեջ մտնում է քաղավիացիայի միջազգային նորմերի սահմանումը, ինչպես նաև անվտանգության ու արդյունավետության կանոնների պահպանմանը հետևելը:

Ռուսական mk.ru-ի փոխանցմամբ՝ վերջին անգամ ICAO-ն ՌԴ-ում ստուգումներ է իրականացրել 2008թ.-ին: Այս թեմայի շուրջ կայքի թղթակիցը զրուցել է հայտնի ավիացիոն փորձագետ, ՄԱԿ ներկայացուցչի նախկին տեղակալ Ալեքսանդր Կնիվելի հետ: Հարցազրույցի մեջ փորձագետը մանրամասնորեն ներկայացնում է ռուսական ավիացիայի աշխատելաոճի մասին որոշակի մանրամասներ: Նա ասում է, որ վերջին ստուգումից հետո Ռուսաստանում այս ոլորտում ընդունվել են մի շարք կարևորագույն որոշումներ, որոնց մեծ մասը, սակայն մնացել են միայն թղթի վրա: Անվտանգության նորմերը չպահպանելու հետևանքով էլ վերջին շրջանում Ռուսաստանում հաճախակի են գրանցվում ավիավթարներ, որոնցից է բոլորիս հայտնի «Վնուկովո» օդանավակայանում տեղի ունեցած պատահարը, որի արդյունքում զոհվեց նաև «Total» խոշորագույն նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ` Քրիստոֆ դը Մարժերին:

Աղբյուրը նշում է նաև, որ Ռուսական իշխանությունները նախապես պլանավորված ստուգումները խնդրել են հետաձգել, քանի որ նախապատրաստված չեն եղել դրանց, իսկ ICAO-ն մասնակիորեն է բավարարել խնդրանքը՝ ստուգումները բաժանելով երկու մասի: Առաջին մասը կիրականացվի 2014թ.-ի աշնանը, իսկ երկրորդը՝ 2015թ.-ին:

Բացասական արդյունքների դեպքում ICAO-ի կողմից չեն կիրառվի պատժամիջոցներ, սակայն արդյունքները հասանելի կլինեն կազմակերպության բոլոր անդամների համար, որոնք էլ իրենց հերթին կկայացնեն որոշում ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռներով թռիչքներ թույլ տալու մասին: