Բրիտանական «The Daily Mail»-ը գրում է,- «Արքայազն Չարլզը Լոնդոնում այցելել է Սբ. Եղիշե հայկական եկեղեցի, որտեղ իր վիշտն է արտահայտել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ողբերգական ճակատագրի առիթով»:
Եկեղեցում արքայազն Չարլզը զրուցել է Մեծ Բրիտանիայում Հայկական եկեղեցու հովվի՝ եպիսկոպոս Վահան Հովհաննիսյանի և Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի հետ:
Նշելով, որ Մերձավոր Արևելքում քրիստոնյաները «հոգեմաշ ողբերգություն են ապրում»՝ արքայազն Չարլզն հայտարարել է, որ այժմ քրիստոնեությունը «տառացիորեն անհեթեթ ու բարբարոսական հարձակումների է ենթարկվում»:
«Իսկապես ցավալի է լսել քրիստոնյաների և նրանց եկեղեցիների վրա հարձակումների մասին, ինչպես ավելի վաղ այս տարի Դեր-Զորում հայկական եկեղեցու անիմաստ ու վայրագ ավերումն էր»,- ասել է արքայազն Չարլզը:
Ծառայության ժամանակ իրաքյան արքեպիսկոպոս Ավագ Ասատրյանը արծարծել է տարածաշրջանում հայ քրիստոնյաների խնդիրների մասին: «Հարձակումների հետևանքով Իրաքի քրիստոնյաները լքում են իրենց նախնիների երկիրը: 1980թ. Իրաքում մոտ 1,5 մլն քրիստոնյա էր բնակվում, իսկ այսօր ԻԼԻՊ-ի հարձակումների հետևանքով այդ թիվը հասել է 400 հազարի: Եթե մոտ ժամանակներս քաղաքական քայլեր չձեռնարկվեն, ապա Մերձավոր Արևելքում արևելյան քրիստոնյաների ներկայությունը կդադարեցվի հենց իրենց օրորոցում» ,-ասել է նա: