Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախորդ տարվա հունիսի 1-ին տեղեկանալով, որ իր եղբայրը՝ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում ծեծի է ենթարկվել, Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին վախեցնելու նպատակով գնացել է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից՝ սպանության սպառնալիքներ է տվել Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին: Ավետիք Բուդաղյանը սպանվել է, իսկ Արտակ Բուդաղյանը՝ հրազենային վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
2013թ. հունիսի 1-ի գիշերը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) տան մոտ տեղի ունեցած միջադեպի մասին նոյեմբերի 26-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում պատմել է Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը։
Վկան պատմեց, թե ինչ է տեղի ունեցել հունիսի մեկին Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած դեպքերից առաջ, երբ Սադղի գյոլից մեքենայով վերադարձել են Ավետիք Բուդաղյանը, Սուրիկ Խաչատրյանը, Զարզանդ Նիկողոսյանը և վարորդը՝ Արագածը:
Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի հարցին, թե որպես ով էր Զարզանդը հրավիրված Սադղի գյոլ, վկան պատասխանեց, որ իրեն Սուրիկ Խաչատրյանի վարորդն է հրավիրել:
«Մամուլում տարածում են, թե ես Սուրիկ Խաչատրյանի թիկնապահն եմ, ով ասում է, գլուխը պատովն է տալիս, ես 2000թ. Սուրիկ խաչատրյանին, Տրդատին ու Տիգրանին եմ մարզել, 2005-ից մարզպետի օգնական եմ աշխատել, ինչպես հիմա»,- ասաց Զարզանդ Նիկողոսյանը։
Հարցին, թե ում նկատի ուներ Զարզանդը խոհանոցում արված ձայնագրությունում, երբ Սուրիկ Խաչատրյանի կնոջը՝ Լորետա Բարսեղյանին կատարվածի մասին պատմելիս ասում էչ. «էն Ավոյին հավայի տեղը խփին-մփին», Զարզանդը պատասխանեց, որ փորձագետը սխալ է վերծանել ձայնագրությունը. ինքն ասել է՝ «խփինք-մփինք», մեքենայում միայն ինքն է խփել:Հավելելով, որ դա իր խոսակցական է, ինքն իր մասին հոգնակիով է խոսում:
Հայկ Ալումյանի այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասում նստած են եղել Սուրիկ Խաչատրյանն ու Ավետիք Բուդաղյանը, իսկ դիմացի նստատեղին՝ Զարզանդը, բայց նրան հաջողվել է շրջվել և երկու անգամ հարվածել Ավետիքին, վկան պատասխանեց, որ դա ավելի շուտ հարված չի եղել, այլ մի թեթև հրել է:
Ալումյանը միջնորդություն ներկայացրեց դիտել տեսաձայնագրությունները եւ լսել վկայի տեսակետը կոնկրետ կադրերի վերաբերյալ։ Դատական նիստը հետաձգվեց, Զարզանդ Նիկողոսյանը կշարունակի դատարանում վկայություն տալ դեկտեմբերի 3-ին: