«Հրապարակ» թերթը գրում է.

«Կոնյակի գործարանում ԲՀԿ-ականների և Գագիկ Ծառուկյանի երեկվա հանդիպումից հետո մի շարք ԲՀԿ-ականներ ասում էին, որ կուսակցության քաղխորհրդի նիստ չի եղել: Մյուսներն ասում էին, որ սովորական աշխատանքային նիստ է եղել, որտեղ ոչ մի արտասովոր բան չի քննարկվել: Այս շփոթն ու չհամաձայնեցված պատասխանները վկայում են այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը դեռևս վճռական ու վերջնական ասելիք չունի: Նախօրեին մենք գրել էինք, որ նոյեմբերի 28-ին Ծառուկյանն իր մոտ է հրավիրել կուսակցականներին, որպեսզի զրուցեն Համաժողովրդական շարժման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին և որոշում կայացնեն ապագա անելիքների վերաբերյալ:

Ընդ որում՝ այս լուրը մեզ փոխանցել էր ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը: Սակայն հանդիպումից մեկ ժամ առաջ կուսակցության գրասենյակից զանգահարել են պատգամավորներին և տեղեկացրել, որ այն հետաձգվում է. պատճառների մասին ոչինչ չեն տեղեկացրել:

Չնայած կուսակտիվը, և հատկապես քաղաքական բլոկը, նշված ժամին նշված տեղում է եղել, ներկայացել են նաև լրագրողները: Բայց նիստի համար նախանշված ժամից մոտ մեկ ժամ անց գրասենյակից դուրս է եկել ԲՀԿ խմբակցության ղեկավարը և ասել. «Մենք ասելու բան չունենք, որովհետև ոչ մի հանդիպում չկա: Իսկ մամուլի հրապարակումն իրականությանը չի համապատասխանում»: Մինչդեռ նման հանդիպման մասին ավելի վաղ՝ լրատվամիջոցների հետ զրույցում, հայտնել էր նաև կուսակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: