ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատավարությունը:

Artsakhpress-ը հայտնում է, որ Դատական նիստում, որպես գործով ապացույց, ներկայացվել է Դիլհամ Ասկերովի մասին պատմող ադրբեջանցի գրող Զիադդին Շուրաօղլու Իսմայիլովի՝ «Не иди один в Кельбаджар, отец» գիրքը՝ ռուսերեն թարգմանությամբ։

Գրքում հեղինակն անընդհատ մատնանշում է Դիլհամ Ասկերովի ատելությունը հայերի նկատմամբ: Գրքում նաև մանրամասնորեն ներկայացված է Դ. Ասկերովի՝ ղարաբաղաադրբեջանական սահմանը խախտելու մի քանի դեպքերն ու Քարվաճառում նրա կատարած հանցագործությունները։ Այնտեղ խոսվում է, մասնավորապես, մինչ Քարվաճառում հայտնվելը, ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ Ասկերովի հանդիպումների մասին։ 

Դատավորի և պետական մեղադրողի հարցերին, թե ինչն է հայերի նկատմամբ ատելության պատճառը՝ Ասկերովը նշել է, որ ինքն ատելություն ու թշնամանք չունի հայ ազգի հանդեպ, և որ հեղինակն ուղղակի այն հորինել է: