«Առավոտ» թերթը գրում է.

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ մեկ տարի առաջ՝ դեկտեմբերի 2-ին, ժամանել էր Երևան: Դեկտեմբերի 2-ը խիստ խորհրդանշական օր էր. 1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի անկախ հանրապետության պետական վերջին գործողության արդյունքում ՀՀ-ի և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքվեց համաձայնագիր, համաձայն որի՝ ՀՀ կառավարությունը, փաստորեն, հրաժարվում էր իշխանությունից:

Դեկտեմբերի 2-ին Գյումրիում Պուտինը արձանագրեց Կրեմլի նպատակները. «ՌԴ-ն Անդրկովկասից հեռանալու մտադրություն երբեք չի ունեցել, հակառակը՝ մենք պատրաստվում ենք ամրապնդել մեր դիրքերն Անդրկովկասում՝ հիմնվելով այն լավագույնի վրա, որ մեզ է փոխանցվել մեր նախնիներից»:

Վերոնշյալ պետական այցից մեկ տարի անց՝ դեկտեմբերի 1-ին, Պուտինը պետական այցով ժամանեց Թուրքիա: Անկարայում անցկացվեց ռուս-թուրքական համագործակցության բարձր մակարդակի խորհրդի հինգերորդ նիստը, Էրդողանն ու Պուտինը քննարկեցին տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, բայց ռուս-թուրքական բանակցությունների գլխավոր թեման գազն էր: Անցյալ տարի ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև հասել էր 32.7 մլրդ դոլարի։

Պուտին-Էրդողան դռնփակ բանակցությունները տևել էին երեք ժամ՝ նախատեսվածից գրեթե երկու ժամ ավելի։ Այս հանդիպման ավարտին ներկայացված արդյունքները բավական տպավորիչ էին։

Ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերություններին, փաստորեն, այսօր չեն զիջում ռուս-թուրքական բարձր մակարդակի փոխհարաբերությունները՝ ցուցադրելով Արևմուտքի հետ իրենց տարաձայնությունները:

Մեկ տարի առաջ, երբ Գյումրիում Պուտինը արձանագրեց, ՌԴ-ն Անդրկովկասից հեռանալու մտադրություն երբեք չի ունեցել և ընդհակառակը՝ պատրաստվում է էլ ավելի ամրապնդել դիրքերը, իսկապես անկեղծ խոստովանություն էր: Այլ հարց է, թե ինչ գնով է Մոսկվան իր նպատակները կյանքի կոչում, և Հայաստանն ինչ է շահել մինչ այժմ ու կարող է «շահել» Պուտինի աշխարհաքաղաքական ամբիցիաների ցուցադրումից»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: