«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության հրապարակած «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ – 2014» զեկույցի համաձայն, Հայաստանը նախորդ տարվա համեմատ իր տեղը աղյուսակում չի բարելավել և շարունակում է 175 երկրների թվում 94-րդ հորիզոնականը կիսել Կոլումբիայի, Եգիպտոսի, Գաբոնի, Լիբայի և Պանամայի հետ։ Թեև, կոռուպցիայի ընկալման ցուցիչն անցյալ տարվա համեմատ բարելավվել է 1 միավորով՝ կազմելով 37:
Վրաստանը զբաղեցնում է 50-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ բարձրանալով 5 տեղով: Թուրքիան զբաղեցրել է 64-րդ հորիզոնականը՝ 45 միավորով, Ադրբեջանը՝ 126-րդն է՝ 29 միավորով, Ռուսաստանը՝ 136-րդը՝ 27 միավորով:
Զեկույցի համաձայն՝ առաջին տեղն այս տարի զբաղեցրել է Դանիան, որի կոռուպցիայի ընկալման ցուցիչը կազմել է 92 միավոր։ Երկրորդ հորիզոնականում Նոր Զելանդիան է՝ 91 միավորով, երրորդ տեղում՝ Ֆինլանդիան՝ 89 միավորով։ Հյուսիսային Կորեան եւ Սոմալին կիսել են վերջին տեղերը:
Ընդհանրապես, հանրային հատվածի կոռուպմացվածության մակարդակն ամբողջ աշխարհում տագնապալի իրավիճակ է պատկերում․ զեկույցում ներկայացված 175 պետություններից ոչ մեկը բարձրագույն միավոր չի ստացել, իսկ երկրների երկու երրորդից ավելին ստացել է 50 միավորից պակաս՝ 0-ից (կոռուպցիայի ամենաբարձր մակարդակ) մինչև 100 (կոռուպցիայի ամենացածր մակարդակ) սանդղակով: