«Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել դեկտեմբերի 1-ի երեկոյան՝ ժամը 22:00-ի սահմաններում, «Նուբարաշենի» հոգեբուժարանում ինքնասպանության փորձ կատարած Դավիթ Մարկոսյանից: Պարզվում է՝ վերջինս 2013թ. նոյեմբերի 2-ին Կանազի հոսպիտալի ծեծի գործով անցնող մեղադրյալներից մեկն է: Եվ այսպես՝ նախօրեին գրել էինք, որ կալանավոր Դավիթ Մարկոսյանին «Նուբարաշենի» հոգեբուժարանում դատաբժշկական փորձաքննության են ենթարկել՝ հասկանալու համար, թե ինչ խնդիրներ ունի նա:
Փորձաքննության արդյունքներից հետո հայտնի էր դարձել, որ Դավիթն առողջական խնդիր չունի: Ու երբ ցանկացել էին նրան տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, հրաժարվել էր՝ հայտարարելով, որ ինքը հիվանդ է և կվնասի իրեն, եթե նման բան անեն:
Համազգեստավոր կարգավարները լուրջ չէին ընդունել նրա հնչեցրած «սպառնալիքը», ինչի արդյունքում հոգեբուժարանում լուրջ իրարանցում էր սկսվել: Ավելի ուշ դեպքի վայր ժամանած ոստիկանները և հիվանդանոցի աշխատակազմը շուրջ 1 ժամ հետո էին միայն կարողացել մեկուսացնել Դավիթ Մարկոսյանին և հանդարտեցնել հոգեբուժարանում տիրող լարված իրավիճակը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: