1990-ականներից ի վեր ՀՀ-ում շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ բնական համարվող 102-106 տղա 100 աղջկա դիմաց հարաբերակցության փոխարեն ՝ 2012-ին այն կազմել է 114 տղա 100 աղջկա դիմաց: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսումների համաձայն, եթե պտղի սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների երևույթը շարունակվի՝ մինչև 2060-ը Հայաստանը կկորցնի գրեթե 93000 կին կամ ապագա մայր, տարեկան չծնված նորածին աղջիկների թիվը կհասնի 2000-ի, հետևաբար ՀՀ բնակչությունը կնվազի հավելյալ 80000 մարդով:

Պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների պատճառներից են ավանդական կարծրատիպերը` կապված տղա երեխա ունենալու նախընտրությամբ, ընտանիքների սոցիալապես անապահով վիճակը, գործող օրենքների անկատարությունը և այլն: Հարցին` արդյոք նշված կարծրատիպերը չէի՞ն խանգարում երիտասարդ կանանց անկաշկանդ մասնակցել քննարկումներին, «Լուսինե» կանանց ՀԿ նախագահ Անահիտ Մնացականյանը պատասխանեց. «Սկզբում փոքր-ինչ կաշկանդվում էինք, երբեմն զարմանում, որ նման խնդիր գոյություն ունի, սկսում հակաճառել, հակափաստարկներ բերում` իրենց շրջապատից օրինակների հիման վրա: Բայց արդեն, երբ խորամուխ էին լինում քննարկման մեջ, դիտում տեսաֆիլմ, իրենք էին արդեն մտահոգություններ հայտնում»: Երիտասարդ կանանց մեծամասնությունը նշել է, թե հիմնականում իրենց ամուսիններին գոհացնելու պատճառով են դիմում պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների, շատերը հավաստիացնում են, որ այդ քայլին գնում են ոչ իրենց ցանկությամբ, այլ ընտանիքի ճնշմամբ: Անահիտ Մնացականյանը նշեց, որ մասնագետները խնդրի լուծման հարցում նախապատվությունը տալիս են իրազեկման աշխատանքների անցկացմանը, այնուհետև եզրափակեց. «Պետությունը ևս պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկի, որպեսզի ներդրվի մի մեխանիզմ, համապատասխան որի կինը հնարավորություն ունենա իմանալ երեխայի սեռը միայն այն ժամանակ, երբ ինքը չի կարող ընդհատել հղիությունը»: