«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Հետաքրքիր է, ինչ ազդեցություն կունենա ԵՏՄ-ի անդամ դառնալը Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա։ Այս իմաստով կարող են բավական հետաքրքիր զարգացումներ լինել։ Խնդիրն այն է, որ ԵՏՄ-ն ունի կառավարման որոշակի մարմիններ և դրանք նախատեսված են կառավարման նախագահական համակարգի համար։ ԵՏՄ-ն ունի բարձրագույն տնտեսական խորհուրդ, որը գործում է նախագահների ձևաչափով, և այս մարմինը, ըստ էության, ԵՏՄ բարձրագույն մարմինն է: ԵՏՄ բոլոր երկրներում գործում է նախագահական համակարգ, որտեղ նախագահը ունի ռեալ իշխանություն:

Այս ֆոնին, ահա, հարց է ծագում, թե ինչքանո՞վ են սահմանադրական փոփոխությունները, որի հնարավորության մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը, համապատասխանում այս իրողություններին: Մի քիչ դժվար է հավատալ, որ ԵՏՄ մտնելուց հետո էլ իշխանությունը կփորձի առաջ մղել Հայաստանի կառավարման համակարգը փոխելու գաղափարը: Եվ չի բացառվում, որ առաջիկայում, այս «նոր հանգամանքների» ֆոնին, Սերժ Սարգսյանը հայտարարի սահմանադրական փոփոխությունների անիմաստության մասին:

Բայց այստեղ կա մի բայց. Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ձևավորման և ՄՄ մտնելու մտադրության մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է, ըստ էության, միաժամանակ և հիմա հարց է ծագում՝ ինչո՞ւ: Ու եթե հիմա Սարգսյանը հայտարարի, որ սահմանադրությունը փոխելն այլևս անիմաստ է, այդ հարցը ավելի հրատապ կդառնա: Այս հարցի տեսական պատասխաններ կարելի է գտնել, ընդ որում՝ մեկը մյուսից հետաքրքիր: Բայց այս պահին նման բան չարժե անել, որովհետև դեռևս Սերժ Սարգսյանը չի պատասխանել հիմնական հարցին. ինքը շարունակելո՞ւ է սահմանադրական փոփոխությունների գործընթացը, թե՝ ոչ»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: