ДНИ.ru-ի փոխանցմամբ՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ սպանություն իրականացրած գրոհայինների ընտանիքները կվտարվեն երկրից՝ առանց վերադառնալու իրավունքի, իսկ նրանց տունը հիմքից կքանդվի։ Նրա կարծիքով՝ դա դաժան է, սակայն արդարացի:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ վերջ է դրվել այն ժամանակներին, երբ ասում էին, որ ծնողները պատասխանատու չեն երեխաների գործողությունների համար։ Չեչնիայում պատասխանատու կլինեն։ Եթե հայրը տեսնում է, որ որդին բռնել է ահաբեկչության կամ վահաբիզմի ուղին, թող հանձնի նրան իշխանություններին կամ կանգնեցնի այլ միջոցով, քանի դեռ արյուն չի թափվել»,- գրել է Կադիրովն Instagram-ում։
«Եթե գեթ մեկ մարդ որևէ շրջանից անօրինական զենք կվերցնի իր ձեռքը և կհայտնվի գրոհայինների շարքում, ապա այդ շրջանում պաշտոն զբաղեցնող մարդիկ անմիջապես կհեռացվեն։ Թող աշխատեն գիշեր-ցերեկ, որպեսզի դա տեղի չունենա»,- հայտարարել է Կադիրովը՝ պայման դնելով ոստիկանների ու նախարարների առջև:
Նշենք, որ օրերս Գրոզնիում գրոհայինների վնասազերծման գործողություն է իրականացվել, որը հանգեցրել է զոհերի՝ երկու կողմից էլ։