Նախախորհրդարանի անդամներն այսօր հրավիրել էին բաց մամուլի ասուլիսիս, որտեղ իրենց բացասական վերաբերմունքն արտահայտեցին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շուրջ՝ հերթական անգամ արձանագրելով, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը պետք դիմավորել առանց գործող իշխանության:
Նախագահության անդամ Գարեգին Չուգասզյանը ասաց. «Եվրասիական տնտեսական միություն մտնելով՝ մենք մեր ռազմավարական որոշումներ կայացնելու իրավունքը հանձնում ենք օտարին: Կարելի է ասել, որ Հայաստանը մտնում է դասական գաղութային վիճակի մեջ: Կորցնում ենք երեք հիմնական ուղղություններով ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը՝ ռազմաքաղաքական անվտանգություն, տնտեսական անվտանգություն և արտաքին հարաբերություններ վարելու հնարավորություն»:
Իր տեսակետն արտահայտեց նաև ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ ասելով.«Ակնհայտ է, որ Հայաստանը իր շահերը հարմարեցնում է ավելի մեծ պետությունների շահերին: Մինչև հիմա նույնիսկ տնտեսական հիմնավոր հաշվարկ չկա, թե ո՞րն է մեր շահը՝ այս միություն մտնելով: Սա բացահայտ հարկադրանք է Հայաստանի վրա: Իսկ Հայաստանի Հանրապետության քայլը՝ արդեն գաղութացված երկրի ստիպված գործողություն:
ԱԺ-ում ստորագրվեց Հայաստանի դասական գաղութացման տակ»:
Ասուլիսից հետո Նախախորհրդարանը հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ ասված է. «Չեղյալ են հայտարարվելու ՀՀ ինքնիշխանության և շահերի հաշվին կնքված բոլոր միջազգային պայմանագրերը, այդ թվում՝ «ԵՏՄ պայմանագրին միանալու մասին» ՀՀ պայմանագիրը, իսկ մեր պետության արտաքին քաղաքականությունը կառուցվելու է հայաստանակենտրոնության սկզբունքով»: