ԱԺ մուտքի առաջ են հավաքվել մի խումբ ցուցարարներ` «քաղաքական բանտարկյալներին» ազատ արձակելու կոչերով: Իսկ այդ ընթացքում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ է անցկացնում «Հայաստանի Հանրապետության կողմից ԵԽԽՎ «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» թիվ 1900 բանաձևի կատարման վերաբերյալ» թեմայով:
Հավաքվածները պնդում են Հայաստանում կա 14 քաղբանտարկյալ՝ Շանթ Հարությունյանն ու իր ընկերները, Վոլոդյա Ավետիսյանը և Հայկ Կյուրեղյանը: Նրանք եկել են վերջիններիս նկարներով և ցուցապաստառներով՝ «Բոլորիս ազատությունը սկսվում է քաղբանտարկյալների ազատությունից» գրառմամբ:
Ակցիայի մասնակից Գագիկ Սարուխանյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Հիմա, ըստ երևույթին, մեր խորհրդարանն ուղղակի քննարկում է այդ չափորոշիչները, թե ինչքանով են համապատասխանում տղաները՝ Վոլոդյա Ավետիսյանը, Հայկ Կյուրեղյանը, Շանթ Հարությունյանը և իր ընկերները այդ չափորոշիչներին: Հիմա մենք էլ հավաքվել ենք, հիմնականում հարազատներն ու ակտիվ քաղաքացիները, որպեսզի պարտադրենք, ընդունել նրանց քաղբանտարկյալ լինելու փաստը»,-ասաց նա:


