«Հրապարակ» թերթը գրում է.
«Ռեժիմը տապալելու գործին լծված ազատամարտիկների նկատմամբ դեկտեմբերի 9-10-ին տեղի ունեցած բռնության դեպքը վրդովվեցրել էր նաև ոստիկանապետ Վովա Գասպարյանին, բայց ոչ թե օրը ցերեկով մայրաքաղաքում տեղի ունեցած հանցագործության փաստից, այլ որ ազատամարտիկներն իրենց չեն բողոքել և դեպքի մասին հանրությանը տեղեկացնում են թերթերի միջոցով:
Վ. Գասպարյանի հայտարարությունից ժամեր անց լրահոսում հայտնվեցին դեպքի վերաբերյալ մանրամասներ, ըստ որի՝ նրա տեղակալ, ներքին զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանն է եղել ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի և Մանվել Եղիազարյանի սեղանակիցը, ով հանդիպել է մարտական ընկերներին՝ «դարձի բերելու նպատակով»: Եղիազարյանը մեզ հետ զրույցում դեռ նախօրեին վստահեցնում էր, որ միայն ինքն ու Ռազմիկ Պետրոսյանն են եղել և հարձակվողներին չեն տեսել ռեստորանի ներսում: Նա երեկ լրագրողների հետ զրույցում ոստիկանություն դիմելը համարել է «միմոսություն», իսկ փոխոստիկանապետի հետ կերուխումի մասին մեկնաբանություն չհաջողվեց ստանալ, քանի որ լուրը տարածվելուց հետո նրանք ողջ օրը դարձան անհասանելի: Մեզ պատմեցին, որ միջադեպի ժամանակ Երանոսյանը եղել է օբյեկտում, դեպքի ժամանակ էլ իրեն տեղյակ չեն պահել դրսում տեղի ունեցող իրադարձության մասին: Երեկ մեզ վստահեցնում էին, թե Ռազմիկ Պետրոսյանն ու Երանոսյանը շատ մտերիմ են, և նրանք սովորականի պես գնացել են ռեստորան: Ոստիկանությունից տեղեկացանք, որ և այս, և Սուրեն Սարգսյանի նկատմամբ բռնության դեպքերով նյութեր են նախապատրաստվում:
Երեկ ոստիկանապետին հարցեր տվեցինք նաև քաղաքական անցուդարձից: Գաղտնիք չէ, որ ոստիկանապետը համարվում է Աբրահամյան-Ծառուկյան դաշինքի թիրախը, և վերջիններիս համար օրակարգային է նրա պաշտոնանկության հարցը: Չնայած սրան, Ծառուկյանի հանրահավաքներին Գասպարյանը ոստիկանական ջոկատներ չի գործուղում, ի՞նչն է պատճառը: «Որովհետև ես կարծում եմ, որ բոլորն էլ խելամիտ մարդիկ են և հասկանում են, որ ամեն տեսակ խժդժություններ ու հեղափոխություններ էն ոգով, որ ես զգում եմ, ոչ մի լավ բանի չի բերի»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: