«Հայաստանի ժողովրդական ազատական միություն» կուսակցությունը, որը միայն փաստաթղթերով գոյություն ունի, հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀԿ-ին ձուլված այդ կուսակցության դեմ դատական հայց է ներկայացրել ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության տակ գտնվող «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով «Հայաստանի ժողովրդական ազատական միություն» կուսակցությունից բռնագանձել շուրջ 240 հազար դրամ:
Նկատենք, որ «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը դատարան դիմելով և վճռին սպասելով չի բավարարվել, այլ հոկտեմբերի 10-ին միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի արգելանք դրվի կուսակցության գույքի և դրամական միջոցների վրա, ինչն այս գործով դատավոր Ռուբեն Ներսիսյանը բավարարել է:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արայիկ Սաֆարյանն ասաց, որ կուսակցության հետ խնդիրն առաջացել է սպասարկման գումարը չվճարելու շուրջ, սակայն արդեն պրոբլեմը լուծված է:
Հիշեցնենք, որ ՀԺԱՄ կուսակցության նախագահը Սեյրան Ավագյանն էր, որը քաղաքականությունից դուրս եկավ տարիներ առաջ՝ նշանակվելով ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ: Ավագյանին փոխարինեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը: Վերջինս էլ հեռացավ կուսակցությունից՝ համալրելով իշխող ՀՀԿ-ի շարքերը, որպեսզի պատգամավորական մանդատ ստանա: Դրանից հետո Մկրտչյանին այլևս չի հետաքրքրել իր՝ երբեմնի գաղափարական կենտրոնը: Նա կուսակցությունն անտերության է մատնել և վայելում է ԱԺ միջանցքներում խրոխտ քայլելու իր «վաստակած իրավունքը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում