Դեկտեմբերի 1-ից մեկնարկել է աղբահանության նոր չափորոշիչներով գործընթացի իրականացումը Կենտրոն վարչական շրջանում: Այս գործընթացը կարգավորվում է «Sanitek s.a.r.l» ընկերության կողմից, որը հաղթել է Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում: Կենտրոն վարչական շրջան են ներկրվել ամբողջությամբ նոր, բավարար քանակությամբ եվրոպական մեքենասարքավորումներ ու գերմանական աղբամաններ՝ աղբահանությունը հավուր պատշաճի կազմակերպելու համար:
Կենտրոն վարճական շրջանի ֆեյսբուքյան էջում տեղադրված է հետևյալ գրառումը.
«Պահպանե՛ք քաղաքի մաքրությունը: Մի՛ շպրտեք աղբը աղբախցերի և աղբարկղերի մոտ: Աղբը թափեք հատկացված վայրում՝ համապատասխան աղբամանի մեջ:
Բոլոր այն քաղաքացիները և տնտեսվարողները, ովքեր անբարեխիղճ կգտնվեն քաղաքի, Կենտրոնի մաքրության նկատմամբ, կարժանան համապատասխան վերաբերմունքի: Պարբերաբար կհրապարակվեն նրանց նկարները աղբը ոչ համապատասխան վայրում թափելիս:
Չսահմանված վայրում աղբ թափելը առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց համար 20.000-30.000 դրամի չափով:
«Կենտրոն» համատիրությունների աշխատակիցների կողմից բազմաբնակարան շենքերի շքամուտքերում առկա հայտարարությունների ցուցատախտակների վրա քաղաքացիներին տեղեկացնելու նպատակով փակցվել են ոչ ճիշտ վայրում աղբ թափելու դեպքում տուգանքի նշանակման մասին հիշեցումներ»: