«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ երեկոյան ժամը 21-ի սահմաններում, Սոսեի 2/2 հասցեում գտնվող իր տան մուտքի մոտ հարձակման է ենթարկվել ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատգամավորին դարանակալած անհայտ անձը, հարձակվելով Մանուկյանի վրա, սկսել է հարվածներ հասցնել նրա դեմքին: Մանուկյանին տեղափոխել են հիվանդանոց:

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանում մարդաորս է սկսվել: «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի և «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի դեպքում թվում էր, թե հայտնի էր՝ ինչ է տեղի ունեցել, և ովքեր են եղել մասնակիցները:

Հեռուստալրագրող Սուրեն Սարգսյանի և Արամ Մանուկյանի դեպքում գործ ունենք մարդկանց դեմ կազմակերպված հարձակման հետ, որի հեղինակները դեռևս անհայտ են: Իհարկե, բացառված չէ, որ Սուրեն Սարգսյանի և Արամ Մանուկյանի դեմ կազմակերպված հարձակումների նպատակն առաջին միջադեպից հանրության ուշադրությունը շեղելն է: Ամեն դեպքում, եթե ոստիկանությունն այս դեպքերը չբացահայտի, ապա կարելի է ասել, որ Հայաստանում բանդա է գործում իրավապահների թողտվությամբ կամ միգուցե՝ «օրհնությամբ»:

Ի դեպ, Արամ Մանուկյանի վրա իրականացված հարձակումը ոստիկանությունը պարտավոր է բացահայտել, քանի որ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, իրավապահների տրամադրության տակ կա նաև միջադեպի տեսագրությունը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: