Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Հայաստանյան քաղաքական կյանքի տեղապտույտը, կարծում եմ, ցանկացած չնախապաշարված դիտորդի համար տեսանելի է: Իշխանության և ընդդիմության «երկխոսությունը» 20 տարի է՝ ընթանում է հետևյալ տրամաբանությաճբ. «Հեսա ժողովրդին դուրս կբերենք փողոց, ձեզ կքշենք, կնստենք ձեր տեղը» - «հլը տեսնենք, ոնց եք անում՝ մենք քշվողը չենք»: Իրադարձությունների կրկնվողականությունը [ընդհուպ մինչև ակտիվ քաղաքացիներին իշխանության կողմնակից ստահակների կողմից ծեծի ենթարկելը] հուշում է՝ պետք է քաղաքական մտքի, երևակայության որոշակի թռիչք, բեկում, պետք են ստանդարտից դուրս մտածող և գործող մարդիկ, որոնք ոչ շաբլոն լուծումներ կառաջարկեն: Այդպիսի մտքեր և այդպիսի ուժեր ես առայժմ չեմ տեսնում:
Այսօր իշխանության համար ռեալ պայքարում է միայն ԲՀԿ-ն՝ մնացած կուսակցությունները թող չնեղանան, բայց «Բարգավաճի» արբանյակներն են: Ոչինչ չունեմ այդ կուսակցության դեմ: Ավելին, վատ չի լինի, կարծում եմ, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն մեծամասնություն ստանա՝ փոքր-ինչ ավելի թարմ դեմքեր տեսնելու և դրան հաջորդող նախագահական ընտրություններն ավելի հետաքրքիր դարձնելու ակնկալիքով: Դա նաև հնարավորություն կտա ՀՀԿ-ի «քաղաքական թևին» իր ուժերը փորձելու որպես ընդդիմություն՝ դրան էլ հետաքրքիր կլիներ հետևել: Ինչու եմ խոսում հերթական ընտրությունների մասին. որովհետև արտահերթ ընտրություններ առանց ցնցումների չեն ստացվի, իսկ ցնցումներին բոլորը, որքան հասկանում եմ, դեմ են:
Բայց, հուսով եմ, բոլորը հասկանում են՝ ՀՀԿ-ն լինի իշխանության գլխին, թե ԲՀԿ-ն, դրանից էապես ոչինչ չի փոխվի»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
ՀՀԿ-ն լինի իշխանության գլխին, թե ԲՀԿ-ն, դրանից էապես ոչինչ չի փոխվի. «Առավոտ»
