«Լոնդոնաբնակ դրամագետ և ֆինանսիստ Արմեն Փափազյանը համոզված է, որ ՀՀ Կենտրոնական բանկի քաղաքականությունը՝ սահմանափակ, ժամկետային սակարկությունների ճանապարհով արտարժույթի վաճառքը, տանում է դրամի առավել արժեզրկման: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ից սկսած, ամենօրյա սակարկությունների միջոցով ԿԲ-ն իրականացնում է արտարժույթի վաճառքներ՝ նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով (առայժմ՝ օրական 6 միլիոն դոլար): Ա. Փափազյանը ճիշտ չի համարում, որ ԿԲ-ի որևէ մոտեցում այս հարցում պայմանավորված լինի ինչ-որ ժամկետով, կոնկրետ այս դեպքում՝ մինչև տարեվերջ: «Շատ պարզ ու տրամաբանական է, որ շուկայի տարբեր մասնակիցներ, այս պահից սկսած, արդեն իրենց քաղաքականությունը կհարմարեցնեն ամսվա վերջի ժամկետին:
Այսինքն՝ դոլարի օրական որոշակի քանակի վաճառքի ժամկետային հանգամանքը նկատի ունենալով՝ դաշտում գործող բանկերը, հաստատությունները, անհատները հիմիկվանից կարող են պատրաստվել և ավելի արագ ու ավելի շատ արտարժույթ գնել մինչև տարեվերջ, ինչն ապարդյուն է դարձնելու ԿԲ-ի նոր որդեգրած քաղաքականությունը»,- ասում է ֆինանսիստը: Ա. Փափազյանի խոսքով, ԿԲ-ի քայլերը. Ամանորի հետ կապված արտարժույթի ներհոսքը կամ արտաքին վարկերը խնդիրները չեն լուծի, այլ պարզապես ժամանակավորապես կթուլացնեն լարվածությունը: Ըստ նրա՝ առանց տեղական ներդրումային նոր մշակույթի, նոր խթանի ու նոր կազմակերպվածության, նոր ձեռագրերի ու նոր պլատֆորմների, մենք չենք կարող վաստակել այն արտարժույթը, որը մեզ անհրաժեշտ է ունենալ: «Իրավիճակն այսօր լուրջ մարտահրավեր է. այս օրերին է որոշվելու՝ կկարողանա՞նք Հայաստանի և հայ ժողովրդի ապագա բարեկեցությունը կառուցել մեր ազգային դրամի վրա»,- թերթի փոխանցմամբ՝ ասում է Ա. Փափազյանը»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Ժամկետային սակարկությունների ճանապարհով արտարժույթի վաճառքը, տանում է դրամի առավել արժեզրկման. «168 ժամ»
