Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Սիդնեյի սրճարանում պատանդներին ազատելու գործողությունների արդյունքում երեք մարդ մահացել է, իսկ 4-ը վիրավոր են: Ինչպես հայտնում է BBC-ն՝ տեղական ժամանակով ժամը երկուսի շրջանում ավստրալական ոստիկանությունը գրոհել է սրճարանը, որտեղ զինված տղամարդը 16 ժամից ավել պահում էր պատանդներին:
Ոստիկանության տվյալներով սպանվել են 2 պատանդ և հենց ինքը՝ ոճրագործը: Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ մահացել է սրճարանի 34-ամյա մենեջերը և 38-ամյա մի իրավաբան:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր զինյալի անունը՝ Ման Հարոն Մոնիս: Նախքան գործողությունների սկիզբը սրճարանից դուրս են վազել առնվազն 6 մարդ, իսկ մի քանիսին դուրս են հանել պատգարակներով:
Իրականացված գործողության արդյուքնում որոշ հարցեր են առաջացել ոստիկանության նկատմամբ: Ներկայացուցիչը հայտնել է, թե նախքան գործողությունների սկիզբը պատանդների կյանքին վտանգ չի սպառնացել, սակայն անմիջապես սկսելուց հետո իրավիճակը փոխվել է:
Փորձագետների կարծիքով գործողության ղեկավարները հնարավորություն ունեին խնդիրը լուծել ավելի վաղ և առանց ավելորդ զոհերի, սակայն նախընտրել են սպասել: