Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով արտարժույթի տատանման մասին, մեղադրեց ՀՀ Կենտրոնական բանկին՝ պնդելով, որ աքիլլեսյան գարշապարը հենց այնտեղ պետք է փնտրել:
«Կենտրոնական բանկը կուրծք ծեծելով խոստումներ է տալիս՝ տատանումներ չեն լինի կամ մեղմ կլինեն, և 10 օրվա մեջ 25% տատանում է տալիս: Ո՞վ է սրա պատասխանը տալու: Դիմացը գարնանացան ունենք: Այն գումարները, որ գյուղացին կոպեկ-կոպեկ հավաքել էր, հույսով, որ ցանքատարածքները կավելացնեն, ի՞նչ են լինելու»,-հայտարարեց նա:
Նա կոչ արեց, որ Կենտրոնական բանկը գյուղացիների վարկերը սառեցնի՝ մինչև արժույթի կայունանալը, քանի որ շատ ծանր տարի է եղել, գյուղացիներն անելանելի դրության մեջ են:
«Թող դիմեն ԱԺ ու հանձնաժողովների միջոցով ուսումնասիրություններ անեն ու կտեսնեն, թե այս վիճակը ոնց է ազդում գյուղացիների վրա»,-ասաց Բերբերյանը՝ շարունակելով, թե բազմաթիվ գյուղացիներ մեկ միլիոն ՀՀ դրամ վարկ են վերցրել պետությունից և այդ վարկը պետք է փակեին այս դեկտեմբերին, որպեսզի նորից վարկ վերցնեին: Բայց հիմա գյուղացուն չի բավարարում այդ մեկ միլիոնը: Անհրաժեշտ է 1 միլիոն 250 հազար դրամ՝ կոպիտ ասած... ու հավելեց, որ այս խնդիրը քննարկվել է նաև գյուղատնտեսության նախարարի հետ: Նրա խոսքով՝ նախարարը նույնպես տեղյակ է, որ գյուղերից բազմաթիվ դժգոհություններ կան:


