Մինչ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով մեղադրական ճառը լսվելը, տուժող կողմի շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հանդես եկավ դատաքննությունը վերսկսելու միջնորդությամբ:

2 կողմերից էլ առարկություններ չեղան, և դատարանը որոշեց գործի քննությունը վերսկսել ու հնարավորություն տալ քաղհայց ներկայացնելու:

Ռուբեն Բալոյանը քաղհայց ներկայացրեց ՝ հօգուտ տուժողների և նրանց իրավահաջորդների որոշակի գումար բռնագանձել:

Տուժողների և նրանց իրավահաջորդների ներկայացուցիչն ասաց, որ Տաթևիկ Հակոբյանին պատճառված և հատուցման ենթակա վճարը կազմում է 10 մլն 165 հազար 213 դրամ, ըստ նրա՝ դրա մեջ մտնում են փաստաբանական ծառայությունների մատուցման ծախսը, վերականգնողական բուժումների, փոխադրման համար ծախսված գումարները: Իսկ տուժող Արթուր Հակոբյանին պատճառված և հատուցման ենթակա վնասը կազմում է 1 մլն 145 հազար 800 դրամ, տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանին և Աննա Կարապետյանին պատճառված և հատուցման ենթակա վճարը՝ յուրաքանչյուրի դեպքում 400 հազար դրամ, Հայկ Հակոբյանինը՝ 250 հազար դրամ, Էմմա Հակոբյանինը՝ 250 հազար դրամ: