Ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերությունն անդրադարձ է կատարել Հայաստանին ` ներկայացնելով On The Road. Armenia խորագրով ռեպորտաժը:
Իր խոսքը հեղինակը սկսում է այսպես. «Հնամենի այս երկիրն անցել է ժամանակի քննությունը` առ այսօր զարմացնելով աշխարհին իր գանձերով: Ցամաքով շրջափակված ազգը հպարտանում է իր պատմությամբ»:
Ռեպորտաժի սկզբում խոսելով մայրաքաղաք Երևանի մասին՝ հեղինակը նկատում է, որ «23 տարվա անկախության պատմություն ունեցող փոքրիկ այս քաղաքը նոր է սկսել մոռացության մատնել իր խորհրդային անցյալը»:
Այնուհետև անդրադարձ է կատարվում TUMO տեխնոլոգիական կենտրոնին՝ խոսելով դպրոցի կրթական համակարգից:
Նա նկատում է, որ «բնական պաշարներից զուրկ և տնտեսական դժվարություններ ունեցող երկիրը կարող է իր զարգացման հույսը դնել ուղեղների վրա, իսկ այդ հարցում TUMO-ի ունեցած ներդրումը շատ մեծ է»:
Հեղինակն այցելում է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ընդգծելով, որ Հայաստանի հոգին հասկանալու համար պետք է նախևառաջ այստեղ գալ:
Նա ներկայացնում է մի շարք ուշագրավ պատմական փաստեր Հայաստանի վերաբերյալ` հիշեցնելով, որ «հայերն առաջինն են աշխարհում քրիստոնեությունն ընդունել որպես պետական կրոն»:
Ռեպորտաժի պատրաստման ընթացքում հեղինակը պատմում է նաև ավանդական հայկական «նախաճաշ» խաշի մասին` հնարավորություն ունենալով անձամբ փորձել այդ կերակրատեսակը և խաշը ճաշակում է ArmComedy երգիծական հաղորդման հաղորդավար Սերգեյ Սարգսյանի հետ: Վերջինի խոսքերով, «խաշ ուտելն իսկական ծիսակարգ է»:
Հեղինակը վերջում ավելացնում է, որ Հայաստանում աշխատելու ընթացքում իրեն հանդիպած, գրեթե, յուրաքանչյուր մարդը ունեցել է մեծ սիրտ ու շատ հյուրընկալ վերաբերմունք է ցուցաբերել: